Drake-ի նոր սկավառակը կթողարկի նույն օրը, ինչ Քանյե Ուեսթի «Donda»-ն

Drake-ը հայտարարել է, որ իր նոր՝ «Certified Lover Boy» սկավառակի աշխատանքներն ավարտված են, և ինքը պատրաստ է թողարկել այն։ Ռեփերն այդ մասին պատմել է «Sound 42» ռադիոյի եթերում «Fry Yiy Fridays» շոուի ընթացքում։

«Սկավառակը պատրաստ է։ Անհամբերությամբ սպասում եմ այն ձեզ ներկայացնելու հնարավորությանը։ «Certified Lover Boy»-ը մոտենում է, և սա բոլորի համար է, ովքեր կկանգնեն ճանապարհին»,- հայտարարել է Drake-ը։ Երկրպագուները կարծում են, որ վերջին արտահայտությունը վերաբերում է Քանյե Ուեսթին, որը ծրագրում է իր «Donda» սկավառակը թողարկել օգոստոսի 6-ին, և որ «Certified Lover Boy»-ը կթողարկվի նույն օրը։

Ավելի վաղ Drake-ը կանադացի ռեփեր Smiley-ի հետ ստեղծված «Over The Top» երգը թողարկել է նույն օրը, ինչ ծրագրված էր Քանյեի «Donda» սկավառակի թողարկումը։ Սոցիալական ցանցի օգտատերերը կարծում են, որ Drake-ը, որն արդեն մի քանի տարի է՝ կոնֆլիկտ ունի Քանյեի հետ, բաց չի թողնի ուշադրությունն իր վրա կենտրոնացնելու հնարավորությունը։ Սակայն ինսայդերները հերքել են այդ տեղեկատվությունը։