«Հրաշալի հայր և ամուսին». Միշել Օբաման շնորհավորել է ԱՄՆ նախկին նախագահի 60-ամյակը

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման շնորհավորել է ամուսնու՝  Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի՝ Բարաք Օբամայի տարեդարձը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ կինը սոցցանցերում հրապարակում է արել՝ հոբելյառին անվանելով «հրաշալի հայր և ամուսին»:

57-ամյա տիկին Օբաման ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել՝ ամուսնու և դուստրերի հետ և կից գրել.«Քո բոլոր ձեռքբերումներից առաջնային, գիտեմ, որ մեր աղջիկների համար սիրող հայր լինելն է: Շնորհակալ եմ, որ երբեք չթողեցիր, որ աշխարհի ծանրությունը խանգարի հիանալի ամուսին և հայր լինելու ճանապարհին: Շնորհավոր 60-ամյակդ, Բարաք Օբամա»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատության թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ ղեկավարը մտադիր է հոբելյանի կապակցությամբ մոտ 500 հյուր կանչել իր առանձնատուն:

Օբաման օգոստոսի 4-ին կդառնա 60 տարեկան, ինչի կապակցությամբ Մարտաս Վայնյարդ կղզում գտնվող շքեղ առանձնատանը պատրաստվում է մեծ խնջույք կազմակերպել:

Սակայն ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր իրավիճակի և խիստ սահմանափակումների ֆոնին մոտ հինգ հարյուր հյուրի փաստը դժգոհության ալիք է բարձրացրել:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Օբաման հյուրերից 475-ին արդեն որոշել է. նրանց թվում են Օփրա Ուինֆրին, Ջորջ Քլունին, Սթիվեն Սփիլբերգը: Բացի այդ, հյուրերին սպասարկելու է ավելի քան 200 հոգանոց անձնակազմ:

Բոլոր հյուրերը պետք է COVID-ի թեստ հանձնեն և պատվաստված լինեն, իսկ երեկույթը կանցկացվի դրսում:

Բայց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ֆրենսիս Քոլինզը CNN-ի եթերում նախազգուշացրել է, որ պետք է խուսափել մեծ խնջույքներից: