Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը` Մելանյան, նախքան Սպիտակ տունը լքելը` 2019-ին ավելի քան 120 000 դոլար արժողությամբ նվերներ են ստեցել համաշխարհային առաջնորդներից, ինչի մասին հայտնի է դառնում ԱՄՆ Դաշնային ռեգիստրի փաստաթղթերից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Պետքարտուղարության Արձանագրությունների գրասենյակը պարտավոր է գրանցել ԱՄՆ պաշտոնյաներին ավելի քան 390 դոլար արժեքով տրված նվերները և հետևել նրանց օգտագործմանը: Ստացողները կամ պետք է դրանք հանձնեն Ազգային արխիվին կամ պետական այլ կառույցի կամ դրանք գնեն անձնական օգտագործման համար`դրանց իսկ արժեքին համապատասխանող գնով:
Նշվում է, որ 2019-ին նախագահն ու առաջին տիկինը Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Տրոնգից նվեր են ստացել Թրամփի նկարը «երկակի ապակու վրա», որը գնահատվում է 5250 դոլար:
Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ աս-Սիսին տվել է «մեծ քարից քանդակված երկկողմանի շրջանակ, որի մի կողմից նախագահ Դոնալդ Թրամփի պատկերն է` թանկարժեք մետաղի վրա, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոսի զինանշանը»: Այն գնահատվել է 4450 դոլար:
Ավստրալիայի վարչապետը Թրամփին նվիրել է առաջին զույգի շրջանակված լուսանկարը՝ 470 դոլար արժողությամբ:
Մեծ Բրիտանիայի թագուհին Թրամփին 2019 թվականի հունիսյան պետական այցի ժամանակ նվիրել է գրիչ և Ուինսթոն Չերչիլի «Երկրորդ համաշխարհային պատերազմ»-ի առաջին հրատարակության կրճատ տարբերակը: Թրամփը նաև նվեր է ստացել մի քանի հրացան:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը նրան նվիրել է Օսմանյան կայսրության ժամանակահատվածի հրացան՝ 8500 դոլար արժողությամբ: Իսկ Չեխիայի Հանրապետության վարչապետը Թրամփին է նվիրել 710 դոլար արժողությամբ CZ 75 9 մմ տրամաչափի ատրճանակ:
Թրամփը Բահրեյնի թագաժառանգից ստացել է արաբական ձիու բրոնզե քանդակ՝ 7200 դոլար արժողությամբ և արաբական օրիքսի (այծքաղ)` ոսկուց, օնիքսից, զմրուխտից և ադամանդից պատրաստված արձան Կատարի էմիրից: Արձանը գնահատվել է 6300 դոլար:
Բոլոր նվերները գտնվում են Ազգային արխիվում:
Ինչ վերաբերում է Մելանյա Թրամփին, ապա նա հավաքել է զարդերի բավականին մեծ հավաքածու` չնայած նա նույնպես իր նվերները հանձնել է կառավարությանը:
Նախկին առաջին տիկինը Չեխիայի վարչապետի կնոջից ստացել է սպիտակ ոսկուց պատրաստված ադամանդե ականջօղեր (գնահատվում է 470 դոլար), դեկորատիվ ճապոնական տուփ և ստորագրված լուսանկար Ճապոնիայի կայսրուհուց (գնահատվում է 1130 դոլար): Մելանյա Թրամփը Ճապոնիայի վարչապետ Աբեի կնոջից 2600 դոլար արժողությամբ մարգարտյա ականջօղեր, իսկ Ավստրալիայի վարչապետի կնոջից` 700 դոլար արժողությամբ ականջօղեր է ստացել:
Մեծ Բրիտանիայի թագուհին Մելանիային նվիրել է հատուկ պատվիրված արծաթյա զարդատուփ` էմալե կափարիչով՝ 390 դոլար արժողությամբ: