Ծիծաղում է և կատակում. երգչուհի Մաքսիմը լրիվ գիտակցության է եկել

Երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովան) լիովին գիտակցության է եկել։ Ուրախ լուրը նշված է երգչուհու «ВКонтакте»-ի պաշտոնական խմբի էջում։

«Հիմա մեր Մարինան արդեն ամբողջությամբ ուշքի է եկել։ Այո, բնականաբար, նա ակտիվորեն շփվում է ամբողջ բուժանձնակազմի հետ։ Նորմալ մարդ է՝ հստակ գիտակցության մեջ, ծիծաղում և կատակում է: Ամեն ինչ հիշում է, հիշողությունը գերազանց է, օրգանիզմի բոլոր գործառույթները նորմալ վիճակում են», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում է։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։

Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%-ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։