Բիլ Գեյթսն ամուսնալուծության պատճառով զիջել է դիրքերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում. Forbes

Microsoft կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կնոջից՝ Մելինդայից, բաժանվելուց հետո, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում չորրորդ տեղից իջել է հինգերորդը: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 129,6 միլիարդ դոլար, գրում է Forbes-ը:

Ըստ հրապարակման, այժմ չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգը (130,3 մլրդ դոլար):

Գեյթս զույգի ամուսնալուծության գործընթացը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաթանկը. Բիլ Գեյթսի ստեղծած Cascade Investment ներդրումային ընկերությունը, ամուսնալուծությունից անմիջապես հետո, Deere & Co-ի բաժնետոմսերը փոխանցել է Մելինդային՝  3,2 միլիարդ դոլարի չափով:

Բացի այդ, գրում է Forbes-ը, անցած շաբաթ Cascade Investment-ը նախկին կնոջը փոխանցել է ևս 2,4 միլիարդ գումար: Այնուամենայնիվ, ԶԼՄ -ները խոստովանում են, որ դրանք բոլոր այն ակտիվները չեն, որոնք ամուսնալուծությունից հետո փոխանցվել են Մելինդային:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Գեյթսը, 27 տարվա ամուսնական կյանքից հետո, հայտարարել է ամուսնալուծության մասին: Կարճ ժամանակ անց մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ գրեցին, որ այս ամուսնության լուծարման պատճառներից մեկը Գեյթսի կապերն են բարերար Ջեֆրի Էփշտեյնի հետ, որը մեղավոր է ճանաչվել անչափահասների սեռական շահագործման համար: