Ինստագրամը հեռացրել է Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմի պաստառը՝ այն համարելով հանդուգն

Instagram-ի թիմը հեռացրել է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմի պաստառը։ Այն խախտել է Instagram-ում լուսանկարների հրապարակման կանոնները։ Ամբողջ հարցը պաստառի վրա պատկերված մերկ կուրծքն է։ Հրապարակումը վերադարձրել են այն բանից հետո, երբ դրա հեղինակ Խավիեր Հաենը դիմել է աջակցության ծառայություն և բողոքել սոցկայքից: «Սա, թերևս, առաջին պատկերն է, որ ես ծնվելուց հետո տեսել եմ։ Իսկ Instagram-ը հայտարարում է, որ իմ աշխատանքը վտանգավոր է, և մարդիկ չպետք է այն տեսնեն»,- գրել է դիզայներ Խավիեր Հաենը։

Facebook-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել, վերականգնել Instagram-ում Ալմոդովարի ֆիլմի պաստառի հրապարակումը և նշել, որ անում են «բացառություններ, որոնք թույլ են տալիս մերկությունը որոշակի գեղարվեստական համատեքստի առկայության դեպքում»:

«Զուգահեռ մայրեր» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Պենելոպա Կրուսը և Ռոսի Դե Պալման կբացի Վենետիկյան փառատոնը, որը կմեկնարկի արդեն սեպտեմբերի 1-ին: