Երգչուհի Մաքսիմը մասամբ կորցրել է հիշողությունը

Երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովա) կոմայից հետո մասամբ կորցրել է հիշողությունը։ Տեղեկությունը հայտնում է ren.tv–ին` հղում անելով նրա մենեջեր Յանա Բոգուշևսկայային։

«Մարինան գրեթե չի հիշում կամ մասամբ է հիշում կոմայից առաջ տեղի ունեցած որոշ իրադարձություններ, օրինակ` սեփական դպրոցի բացումը և Կազանի վերջին համերգը»,- պատմել է Բոգուշևսկայան:

Երգչուհին արդեն վերադարձել է տուն, բայց դեռ վերականգնողական երկար փուլ պիտի անցնի։ StarHit-ը գրում է, որ նա դեռ դժվարությամբ է քայլում, գլուխը պտտվում է, և շնչառության հետ կապված դժվարություններ են առաջանում։

«Մարինան դեռ երկարատև բուժման կարիք ունի։ Նա նորից է սովորում քայլել»,- ասել է Բոգուշևսկայան։

Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում էր։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։

Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%-ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից։