Ուկրաինացի հեռուստահաղորդավարը քննադատության է ենթարկվել Կիրկորովի հետ լուսանկարի պատճառով

Ուկրաինացի հեռուստահաղորդավար Վլադիմիր Օստապչուկը սոցցանցերում քննադատության է ենթարկվել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ համատեղ լուսանկարների պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ մի շարք ուկրաինական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Կրետեում հանգստանալու ժամանակ Օստապչուկն ու նրա կինը հանդիպել են Կիրկորովին, նրանք միասին մի քանի լուսանկար են արել ընթրիքի ժամանակ և դրանք տեղադրել Ինստագրամի Stories բաժնում։

Տեղական ԶԼՄ-ներն ընդգծել էին, որ հեռուստահաղորդավարը Կիրկորովին շնորհակալություն է հայտնել «ջերմ ու ընկերական երեկոյի» համար, թեև վերջինս ներառված է այն անձանց ցանկում, որոնց Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է մուտք գործել Ուկրաինա։

Համապատասխան հրապարակումներից հետո ծայրահեղականները սկսել են վիրավորական մեկնաբանություններ թողնել Ինստագրամում Օստապչուկի վերջին գրառման տակ։ «Վոլոդյա, Կիրկորովի հետ ի՞նչ կա։ Ամոթ չէ՞»,- հարցրել է vladsupernova մականունով օգտատերը։

«Վոլոդյա, օկուպանտներին սիրողներն Ուկրաինայում տեղ չունեն։ Ճամպրուկ–կայարան–Ռուսաստան», – հայտարարել է sola.havryliv-ը։

«Ողջագուրվում ես օկուպանտների հետ, ստացվում է` դու աջակցում ես նրան, մտածիր այդ մասին…», – նախազգուշացրել է petr_smolii-ն։

Հունիսին Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Կիրկորովին ներառել է ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձանց ցանկում։

Ավելի ուշ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կիրկորովին հանել են սև ցուցակից Անվտանգության ծառայության նոր դիմումի պատճառով։ Օգոստոսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել էր երգչին մուտքը երկրի 3 տարի ժամկետով։

Անցած տարվա մարտին Օստապչուկն Ուկրաինայի ներկայացուցիչներին հորդորել էր Եվրատեսիլ 2020–ի մրցույթին չմասնակցել, քանի որ, ըստ նրա, այնտեղ կհաղթեր Little Big ռուսական խումբը։