Դիսնեյը մտադիր է ազատվել Սքարլեթ Յոհանսոնի հետ բոլոր նախագծերից

Հուլիսի վերջին Սքարլեթ Յոհանսոնի և Դիսնեյ ստուդիայի միջև իսկական սկանդալ բռնկվեց: Դերասանուհին համաձայն չէր Black Widow-ի՝ Disney + հոսքային ծառայության ցուցադրմանը՝ կինոթատրոններում թողարկմանը զուգահեռ։ Այդ տարբերակով տոմսերի վաճառքը կնվազեր, որի հետևանքով Սքարլեթը կստանար ավելիք քիչ հոնորար, քան աշխատել է: Ինչպես նշում է Wall Street Journal-ը, դերասանուհին հայց է ներկայացրել Լոս Անջելեսի գերագույն դատարան:

Դիսնեյի «հակահարվածը» երկար սպասեցնել չտվեց, ու նրանք որոշեցին ազատվել դերասանուհու մասնակցությամբ բոլոր նախագծերից: Աստղը պետք է խաղար նաև գլխավոր դերը «Tower of Terror» ֆիլմում, սակայն որոշվեց «սառեցնել» նաև այս համագործակցությունը․ գրում է Giant Freakin Robot-ը:

Հետաքրքիր է, որ նույնիսկ «Black Widow»-ի պրեմիերայից կարճ ժամանակ առաջ Marvel-ի ղեկավար Քևին Ֆեյգը հարցազրույցում խոսել էր Սքարլեթի հետ աշխատելու և նոր ֆիլմի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սքարլեթ Յոհանսոնը փորձել էր բանակցություններ վարել Disney-ի հետ իր պայմանագրի վերանայման շուրջ, սակայն ընկերությունը չէր ցանկանում նրան հանդիպել։