Ջոնի Դեփը դժգոհել է հոլիվուդյան բոյկոտից

Դերասան Ջոնի Դեփը Sunday Times-ին տված հարցազրույցում դժգոհել է իր հանդեպ վերաբերմունքի փոփոխությունից, որը նկատել է հոլիվուդյան պրոդյուսերների մոտ:

Դերասանը կարծում է, որ այդ փոփոխությունները պայմանավորված են ընտանեկան բռնության մեղադրանքներով, որոնք իր նախկին կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը, բազմիցս առաջադրել է իր դեմ: «Ես պետք է առաջ շարժվեմ և որոշ բաներ պարզաբանեմ»,- ասել է նա, հավանաբար նկատի ունենալով, որ Հերդի հետ իր «փորձությունները» կշարունակվեն:

Ավելի վաղ Դեփը շահել էր Էմբեր Հերդի դեմ դատական ​​գործը, որի շնորհիվ բարեգործական կազմակերպությունը ստիպված կլինի տեղեկություններ հայտնել դերասանուհու կատարած նվիրատվությունների մասին:

Նյու Յորքի դատարանը պարտավորեցրել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությանը հրապարակել Հերդի նվիրատվությունները հաստատող փաստաթղթերը, որոնք նա պետք է փոխանցեր բարեգործական կազմակերպությանը:

2020 թվականին Ջոնի Դեփը դատարանում պարտություն կրեց The Sun-ի դեմ, որին նա մեղադրում էր զրպարտության մեջ՝ այն հրապարակումից հետո, որում ասվում էր, թե իբր դերասանը ծեծել էր իր կնոջը: