Սքարլեթ Յոհանսոնը կխաղա Ուես Անդերսոնի նոր ֆիլմում

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը դեր է ստացել ռեժիսոր Ուես Անդերսոնի նոր ֆիլմում, որի նկարահանումներն այժմ տեղի են ունենում Իսպանիայում. գրում է The Hollywood Reporter-ը:

Ըստ հայտարարության՝ ֆիլմում, բացի Marvel-ի ֆիլմերի աստղից, կխաղան նաև Բիլ Մյուրեյը, Թոմ Հենքսը, Մարգո Ռոբին, Թիլդա Սուինթոնը, Ադրիան Բրոուդը, Ջեյսոն Շվարցմանը և Ռուպերտ Ֆրենդը: Իսկ թե ինչ դեր կխաղա Յոհանսոնը, չի նշվում:

Սպասվում է, որ Անդերսոնը կավարտի նկարահանումները սեպտեմբերի վերջին: Նրա նոր կինոնկարի սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում: Իսկ ֆիլմը դեռ անուն էլ չունի:

Յոհանսոնը ավելի վաղ դատի էր տվել Disney ստուդիային՝ Black Widow ֆիլմի առցանց ցուցադրությունների պայմանագրի խախտման համար: Հայցի էությունն այն է, որ ընկերությունը թողարկել է Black Widow ֆիլմը Disney + հոսքային ծառայությունում՝ կինոթատրոններում թողարկման մեկնարկի հետ զուգահեռ: Յոհանսոնի հոնորարը կախված է ֆիլմի տոմսերի վաճառքից, և Marvel-ը նրան երաշխավորել է կինոթատրոններում բացառիկ թողարկում:

Disney-ը սակայն, ասել է, որ ամբողջությամբ կատարել է Յոհանսոնի հետ պայմանագրի պայմանները: