«Երբ Արիանայի դեպքը պատահեց, ես Լևոնին գրել էի սեր կորցնելու իմ պատմությունը»․ Անիտան՝ Լևոն Արոնյանի հետ ծանոթանալու տարբերակի և սպասվող հարսանիքի մասին

Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ պատասխանել է Լևոնի հետ ծանոթության և սպասվող հարսանիքի մասին հարցերին։

Անիտան պատմել է, որ ինքն ու Լևոնը ծանոթացել են վիրտուալ տիրույթում։ «Ես երկար նամակ էի գրել Լևոնին, երբ նրա կինը ավտովթարի ենթարկվեց։ Ես նրա հետ կիսվեցի սեր կորցնելու իմ պատմությամբ, փորձեցի մոտիվացնել ապրել և երբեք չթողնել այն, ինչ սիրում է։ Նա այնքան էր տպավորվել, որ պատասխանեց ինձ և սկսեց իր սիրտը բացել իմ առաջ։ Այսպես մենք դարձանք մտերիմ ընկերներ, իսկ ավելի ուշ՝ կյանքի ընկերներ»։

Անիտայից հետաքրքրվել են, թե ինչպես են նրանք ամուսնացել։ Ի պատասխան՝ Անիտան նշել է, որ հարսանիքն առջևում է։ «Մենք դեռ պիտի կազմակերպենք մեր հարսանիքը»,– գրել է նա, իսկ հաջորդ հարցին, թե երբ են մտադիր հարսանիք ունենալ, պատասխանել է․ «Երբ անվտանգ լինի»։