Համացանցում խիստ քննադատել են Արմեն Ջիգարխանյանի գերեզմանին տեղադրվելիք հուշարձանը

Այն հուշարձանի առաջին լուսանկարը, որն Արմեն Ջիգարխանյանի հարազատները ծրագրում են տեղադրել նրա գերեզմանին, համացանցում քննարկումների առիթ է տվել։ Լեգենդար արտիստի երկրպագուներն այն խիստ քննադատության են ենթարկել։

«Դեռ գարնանից վայրը պատրաստում ենք։ Արմեն Բորիսովիչը հուղարկավորված է դստեր կողքին։ Այն հին գերեզմանատուն է, բարդ է հուշարձան տեղադրելը։ Տեղը քիչ է։ Ցանկանում ենք հուշարձան պատրաստել, որն արժանի է Ջիգարխանյանին»,- հայտնել է հանգուցյալ դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։

Հուշարձանը ծրագրում են տեղարդել դերասանի մահվան տարելիցին՝ նոյեմբերի 14-ին ընդառաջ։ Հիմա արդեն պատրաստ է հիմքը։

Արմեն Բորիսովիչի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, հավանություն է տվել նախագծին։ Սողոմոնյանի խոսքով՝ նա մի քանի ուղղում է կատարել, սակայն ընդհանուր առմամբ գոհ է աշխատանքից, որը կատարել է քանդակագործ Վահե Սողոմոնյանը։

Համացանցում լուսանկարի հրապարակումից հետո քննարկումներ են սկսվել, և շատ օգտատերեր հայտարարել են, որ դժգոհ են արձանից։ «Ուղիղ ասենք՝ հուշարձանը դուր չի գալիս», «Խայտառակություն։ Ո՞վ կարող էր այն հավանության արժանացնել, Ստեփա՞նը», «Ինչո՞ւ նա բուդդայական կրոնավորի տեսք ունի», «Բոլորովին նման չէ»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքում նշել են օգտատերերը։