Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի կազմակերպած բացօթյա խնջույքն իրենց դստեր 3-ամյակին, փոքրիկի ընտրած տորթն ու հյուրերը

Դերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան Մադոննա Հարությունյանի դուստրը՝ Անաիսը, դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ ծնողները բացօթյա խնջույք են կազմակերպել Երևանի այգիներից մեկում։

Ինչպես բոլոր փոքրիկները, Անաիսն էլ անկանխատեսելի է եղել օրվա ցանկությունների մեջ։ Այն, ինչ սովորաբար նրան դուր է գալիս, այս անգամ սրտով չի եղել։

Ոճաբանը Tert.am Life-ին պատմել է, որ փոքրիկի տարեդարձի կազմակերպչական բոլոր հարցերով հայրիկի հետ են զբաղվել՝ հաշվի առնելով իրենց փոքրիկի նախասիրությունները։ Նա ևս մի անգամ նկատել է, որ Սոսը շատ ուշադիր հայրիկ է և մասնակցում է դստերը վերաբերող բոլոր հարցերին։

Տարեդարձի օրը փոքրիկն անցկացրել է մանկապարտեզում, այնուհետև հայրիկը գնացել է նրա հետևից, բերել խնջույքի վայր ու օրն անցկացրել դստեր հետ։

«Ես ու Սոսն ամեն ինչ արել էինք, որ օրն իր ուզածով լինի, բայց ամեն ինչ չէ, որ ստացվեց։  Նապաստակի տեսքով մուլտհերոսի էինք հրավիրել։ Երբ նապաստակը հեռվում էր, Անաիսը շատ ուրախացավ, բայց երբ մոտեցավ, հավանաբար, մեծությունից վախեցավ, ստիպված ճանապարհեցինք նապաստակին։ Նաև պղպջակների շոու էինք որոշել անել, որն Անաիսը շատ է սիրում։ Ամեն անգամ, երբ անցնում ենք Հյուսիսային պողոտայով, շատ է ոգևորվում, բայց այս անգամ կամ պղպջակներն իրեն դուր չեկան, կամ ինչ–որ այլ բան։)»,- պատմել է մայրիկն ու հավելել, որ երբ հասկացան՝ պլանավորած ուրախություններն Անաիսին դուր չեն եկել, որոշել են օրը շարունակել ոչ ծրագրված տարբերակով և, այնուամենայնիվ, լավ օր ապահովել Անաիսի համար։

«Անաիսը երկու տորթ ուներ, առաջինը մանկապարտեզում, երկրորդը մեր կազմակերպած խնջույքի ժամանակ։ Ես նախապես առանձնացրել էի տարբերակները, Անաիսն ընտրեց իրեն դուր եկածները։ Հյուրերի ընտրության հարցում էլ նրա կարծիքը հաշվի էի առել։ Նախապես հարցրել էի, թե ում կցանկանա տեսնել իր տարեդարձի խնջույքին»,- պատմել է Մադոննան

։