Մարգարիտա Սիմոնյանը պատմել է հայկական մեծ ընտանիքում ապրելու մասին

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Ինչո՞ւ ես» յութուբյանյան շոուում երգչուհի Վալերիային տված հարցազրույցում պատմել է իր մեծ հայկական ընտանիքի մասին, այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

«Մենք ապրում ենք մեծ հայկական ավանդական ընտանիքով` տատիկներ, հորաքույր-մորաքույրներ, քույրեր»,- ասել է նա։ Վալերիայի այն հարցին, թե ինչպես են այդքանով միասին կարողանում ապրել, չէ՞ որ մարդիկ սովորաբար տաքարյուն են, Մարգարիտան պատասխանել է, որ իրենց ընտանիքում դա վերաբերում է միայն իր ամուսնուն` կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին։

«Նախ բոլորը չեն տաքարյուն։ Մեզ մոտ միայն Տիգրանն է տաքարյուն։ Դե ու նաև մեր ավագ դուստրը` Մարյաշան։ Մնացած բոլորս ավելի հանգիստ ենք։ Ինձ հունից հանելու համար մեծ ջանք է պետք գործադրել։ Մայրս խաղաղության և առողջ անտարբերության մարմնացում է, Տիգրանի մայրը` արիստոկրատիզմի և նրբանկատության մարմնացում։ Եթե նույնիսկ նրան որևէ բան դուր չգա, նա այդ մասին չի ասի և դրանից խնդիր չի սարքի։ Միայն ինձ նա կարող է ասել. «Մարգո, այդ զգեստը Սոլովյովի մոտ գնալիս այլևս չհագնես»։ Ինչին ես պատասխանում եմ. «Լավ, այլևս չեմ հագնի։ Վերջ, արդեն քրոջս եմ տվել այն, այդ զգեստն այլևս չկա»»,- պատմել է Սիմոնյանը։

Վալերիան նկատել է, որ երեխաները հավանաբար երջանիկ մանկություն ունեն. նրանք ապրում են սիրո մեջ, բազմաթիվ բարեկամներով շրջապատված։ Մարգարիտան խոստովանել է, որ երեխաները փոքր տարիքում առանձնակի չէին հասկանում, թե ով է այստեղ ընդհանրապես մայրիկը։

Հետաքրքիր է, որ ինքը երբեք դեկրետ չի գնացել, թեև երեք երեխա ունի` Մարյանան (2013 թ.), Բագրատը, որը մեկ տարի անց է ծնվել և երկու տարեկան Մարոն։

Մեդիամենեջերի խոսքով` ինքն իրեն առանց աշխատանքի չի պատկերացնում, և դեկրետային արձակուրդի բացակայությունը իրեն որևէ կերպ չէր մտահոգում։

«Այն ամենից, ինչով զբաղվել եմ կյանքումս` երեխայի խնամքն ամենադժվարն է։ Ես հիանում եմ այն կանանցով, ովքեր անձամբ են դա անում, միայնակ, առանց մեծ ընտանիքի»,- խոստովանել է նա։

Սիմոնյանը պատմել է նաև, որ երեխաների դաստիարակմամբ հիմնականում ինքն է զբաղվում, այն դեպքում, երբ ամուսինը նրանց հետ միշտ ուրախ խաղեր է խաղում։

«Տիգրանն ուրախ հայր է, տոն-մարդ։ Նա սիրում է ուրախացնել երեխաներին, կատակել նրանց հետ, ինչ-որ վայրի պատմություններ հորինել, անակնկալներ անել։ Առավոտից դաշնամուր է նվագում նրանց հետ, ինչ–որ բան երգում։ Ես խիստ չեմ, բայց ես եմ դաստիարակը։ Մի անգամ Տիգրանն ասաց. «Մեզ մոտ հայրն ուրախ է, մայրն` արդար»։ Երբեք երեխաների վրա ձայն և ձեռք չեմ բարձրացրել, անկյուն չեմ կանգնեցրել»,- ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով` երեխաները երբեք նրան շատ չեն բարկացրել։ Մարգարիտան փոքր հասակից հասկացրել է, որ հիստերիաներով նրանք որևէ բանի չեն հասնի, իսկ եթե հանդարտվեն, կստանան այն, ինչ ցանկանում են։ Ինքը խաղում է երեխաների հետ, նրանց հետ միասին բանաստեղծություններ կարդում և համոզված է, որ երեխաները պետք է հստակ օրակարգ ունենան։ Գրաֆիկն անհրաժեշտության դեպքում փոխվում է, բայց ընդհանուր առմամբ այն խստորեն պահպանվում է։

Վալերիան հետաքրքրվել է նաև, թե ինչպես են ծանոթացել Տիգրանի հետ։

«Չես հավատա, բայց Facebook-ում։ Տիգրանը հետևյալն էր գրել. «Բարև ձեզ, Տիգրան Քեոսայանն է։ Ես մեքենայով գնում էի և լսեցի, թե ինչպես են ձեզ հայհոյում «Էխո Մոսկվայով»։ Եվ ինձ շատ վատ զգացի ձեզ համար։ Պարզապես ցանկություն ունեցա գտնելու ձեզ և աջակցության խոսքեր գրել։ Վաղուց շատ ինձ շատ դուր եք գալիս, հիշում եմ ձեզ Բեսլանում և այլն։ Ես այնքան զարմացա, դե, հաճելի է, ինչ-որ բան պատասխանեցի։ Խոսքը խոսքի հետևից, սկսեցինք շփվել, և ահա, արդեն երեք երեխա»»,- պատմել է նա։

Վալերիայի այն հարցին, թե ինչն է հավանել Տիգրանի մեջ, Մարգարիտան պատասխանեց. «Տեսե՞լ ես նրան։ Ինչպե՞ս կարող է նա դուր չգալ… Ես սիրահարվեցի նրան, երբ նա «Прожекторперисхилтон» հաղորդման եթերում ցույց էր տալիս ինձ` ինչպես է դաշնամուր նվագում և երգում»։

Իսկ այն հարցին, թե ինչու նրանք զագս չեն գնում, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիրը խոստովանել է, որ երբեք ամուսնանալու ցանկություն չի ունեցել։

«Տիգրանը վրդովվում է այդ առիթով։ Նա ինձ ժամանակ առ ժամանակ առաջարկություն է անում, մատանի նվիրում, իսկ ես ասում եմ. «Սիրելիս, ես պարզապես մատանիների հավաքածու եմ ստեղծում»։ Վախենում եմ վախեցնել։ «Ավելի լավ է»-ն լավի թշնամին է։ Եվ հետո` ինչի՞ համար։ Ժամանակակից աշխարհում դրանք ձևականություններ են»,- պատասխանել է Սիմոնյանը։

Նա հավելել է, որ իրեն Տիգրանից «սիրուց և ուրախությունից» բացի ոչինչ պետք չէ։