«Nevermind» ալբոմի շապիկի «երեխան» դատի է տվել Nirvana-ին

Ամերիկացի Սպենսեր Էլդենը, ում մանկության լուսանկարը դարձել է Nirvana-ի «Nevermind» ալբոմի շապիկը, դատական ​​հայց է ներկայացրել երաժիշտների դեմ և պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում. այս մասին հայտնում է Variety-ը:

Էլդենը պնդում է, որ շապիկը մանկական պոռնոգրաֆիա է, քանի որ նրան պատկերում է ամբողջովին մերկ: Նիրվանայի անդամների և Կուրտ Քոբեյնի ժառանգների դեմ ներկայացված առնվազն 150,000 ԱՄՆ դոլարի հայցադիմումում ասվում է, որ շապիկին հայտնված երեխան «սեքս-աշխատողի տեսք ունի»:

«Մեղադրյալները միտումնավոր վաճառել են Սպենսերի մանկական պոռնոգրաֆիան՝ առևտրային նպատակներով, ինչպես նաև օգտագործել են պատկերի ցնցող բնույթը՝ դրա հաշվին իրենց և իրենց երաժշտությունը գովազդելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Շապիկի համար մերկ երեխային լուսանկարելու գաղափարը ծագել է Կուրտ Քոբեյնի մոտ՝ ջրի մեջ ծննդաբերության մասին վավերագրական ֆիլմ դիտելուց հետո: Ավելի ուշ խումբը վարձել է լուսանկարիչ Քըրք Ուեդլին, ով իր ընկերներին խորհուրդ է տվել լուսանկարել երեխային: Էլդենը չորս ամսական էր, երբ ստեղծվեց շապիկը և այժմ 30 տարեկան է: Նկարահանման համար նրա ծնողներին վճարվել է 200 դոլար: