Հասանելի է արքայադուստր Դիանայի մասին պատմող «Spencer» ֆիլմի թրեյլերը՝ Քրիստեն Ստյուարտի մասնակցությամբ (տեսանյութ)

Ամերիկյան Neon կինոընկերությունը թողարկել է Պաբլո Լարրեյնի «Spencer: The Secret of Princess Diana» դրամայի թրեյլերը: Իսկ մեկ օր առաջ ֆիլմի առաջին պաստառն հայտնվել էր համացանցում:

Պատմությունը կներկայացնի 1991 թվականի՝ Սուրբ ծննդյան նախօրեն, երբ Լեդի Դին արձակուրդում էր Նորֆոլկի թագավորական ընտանիքի հետ: Ուելսի արքայազնի և արքայադստեր ամուսնական հարաբերությունները վաղուց սառել էին: Եվ չնայած արդեն լուրեր էին պտտվում ամուսնալուծության մասին՝ Սանդրինգհեմյան կալվածքում Սուրբ ծննդյան տոները նրանք անցկացրին միասին: Դիանան գիտի խաղի բոլոր կանոնները: Այս անգամ ամեն ինչ այլ կլինի: Հենց այդ օրերին Ուելսի արքայադուստրը որոշեց բաժանվել արքայազն Չարլզից:

Ինքը՝ Քրիստեն Ստյուարտը, ասել է, որ այս դերը արմատապես փոխել է իր վերաբերմունքը արքայադստեր նկատմամբ: Դերասանուհին կարողացել է զգալ, թե ինչ զարմանալի անձնավորություն է եղել արքայադուստր Դիանան: «Ես չեմ կարող դադարել մտածել նրա մասին»,- խոստովանել է Քրիստենը El Paso Inc.-ի հետ զրույցում: Ստյուարտը նշել է, որ ամեն ինչ արել է Դիանային ներկայացնելու համար այնպիսին, ինչպիսին եղել է կյանքում:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի նոյեմբերի 5-ին: