Ֆիլիպ Կիրկորովից առաջարկ եմ ստացել․ «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

«Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը, որն արդեն ժամանել է Երևան, News.am Style-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա և այնտեղ աշխատել ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովի հետ։

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում երգչին եկել էին դիմավորելու իր հարազատներն ու ընկերները` լիմուզինով, շամպայնով ու փուչիկներով:

«Ճիշտ է իմ պլանների մասին այդքան էլ չեմ սիրում խոսել, բայց առաջիկայում մեկնելու եմ Մոսկվա և իմ կարիերան էլ այնտեղ սկսելու։ Ֆիլիպ Կիրկորովից առաջարկ եմ ստացել, որ նա զբաղվի իմ կարիերայով։ Պլանների մեջ կա նաև Եվրատեսիլին մասնակցելը, խոստացել է, որ իմ երգն ինքն է գրելու, ամեն ինչ ինքն է անելու»,-ասել է երիտասարդ երգիչը։

Նա խոստովանել է, որ մրցույթի ողջ ընթացքում հավատացել է իր ուժերին։

«Իրականում պետք է հավատալ սեփական ուժերին, ու ես ինձ հավատում էի։ Հաղթողի կերպարով էի գնացել ու հաղթեցի»,- ասել է նա։

Նշենք, որ մրցույթի առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ MP3-ի «Կուզես» երգերը: 3 օրվա քվեարկության արդյունքում էլ 267 միավորով հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը։