Թալիբները սպանել են աֆղան հայտնի երգչին

Աֆղանստանում իշխանությունը գրաված «Թալիբան» արմատական ​​շարժման զինյալները սպանել են ժողովրդական երգիչ և երաժիշտ Ֆավադ Անդարաբիին: Այս մասին հայտնել է Times Now հեռուստաալիքը՝ հղում կատարելով երգչի որդուն, տեղեկատվությունը Twitter-ում հաստատել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության նախկին նախարար Մասուդ Անդարաբին:

Ինչպես նշում է Times Now-ն, օգոստոսի 28-ին թալիբները եկել են երաժշտի մոտ, նրան տանից դուրս հանել ու գնդակահարել: Սպանությունը տեղի է ունեցել Բաղլան նահանգի Անդարաբ թաղամասում, որտեղ նա ապրում էր:

«Անդարաբում շարունակվում է թալիբների դաժանությունը: Նրանք դաժանաբար սպանեցին ժողովրդական երգիչ Ֆավադ Անդարաբիին, ով պարզապես ուրախություն էր պարգևում այս երկրին և նրա բնակիչներին»,- գրել է նախկին նախարարը: