Շուտով էկրան կբարձրանան «Դե, սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաները. ո՞ւմ ձայները կհնչեն

«Սոյուզմուլտֆիլմի» գլխավոր պրոդյուսեր Յուլյա Օսետինսկայան հայտարարել է, որ «Դե, սպասիր» մուլտֆիլմի նոր շարքում կհնչեն Գարիկ Խարլամովի և Դմիտրի Խրուստալյովի ձայները։ Տեղեկությունը հայտնում է «Անիմացիոն կինոյի ասոցիացիայի» մամուլի ծառայությունը:

Օսետինսկայան ասել է, որ «Դե, սպասիր։ Արձակուրդներ»-ի պրեմիերան կկայանա այս տարեվերջին։

Նոր շարքի հեղինակները բարդ խնդրի առաջ են կանգնել` գայլի ձայնը վստահել Խարլամովին և այնպես անել, որ չխայտառակեն Անատոլի Պապանովի ձայնով սիրելի մուլտհերոսին։

Նոր գայլը կլինի սպորտային կոշիկներով ու նորաձև սանրվածքով: Խարլամովն «իր» գայլին բնորոշել է որպես գերժամանակակից հիպստեր, քանի որ մուլտֆիլմի գործողությունը զարգանում է մեր ժամանակներում։

Մուլտֆիլմի նոր տարբերակում նապաստակի ձայնով կխոսի հումորիստ Դմիտրի Խրուստալյովը:

«Նապաստակը ժամանակակից լավ տղայի կերպար է` զբաղվում է սպորտով, քաջածանոթ է տեխնիկային, առողջ ապրելակերպ է վարում, սիրում է յուրացնել նորը»,- պատմել է Օսետինսկայան:

Սերիալի նկարահանումները սկսվել են 2020 թվականին։ Առաջին շարքը բաղկացած կլինի 52 մասից։