Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ իր վերջին սկավառակը կթողարկվի սեպտեմբերի 17-ին: Հանրաճանաչ կատարողը որոշել է ավարտել կարիերան: Երգչի խոսքով՝ նման մտքեր նրա մեջ սկսել են ծագել դեռ վեց տարի առաջ, բայց միայն հիմա են դրանք վերջնականապես ձևավորվել:

Այսօր կթողարկվի Էնրիկե Իգլեսիասի վերջին երաժշտական ​​ալբոմի առաջին մասը: Երգչի երկրպագուների բազմամիլիոն բանակի համար այս մեծ իրադարձության մասին հայտարարությունը հրապարակեց Աննա Կուրնիկովան՝ Ինստագրամ սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:

Երկրպագուներն անմիջապես արձագանքել են նախկին թենիսիստուհու վերջին հրապարակմանը: Նրանք արտահայտել են իրենց անհամբերությունն ու հույսը, որ Էնրիկեն կփոխի իր՝ բեմից հեռանալու միտքը:

Շատերը պարզապես չեն կարողացել համակերպվել այն փաստի հետ, որ Իգլեսիասն ավարտում է կարիերան: Երկրպագուներն իսկական հուսահատության մեջ են: Դատելով համացանցում նրանց մեկնաբանություններից՝ կարող է թվալ, թե արտիստը մահացել է:

Հիշեցնենք, որ Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան սկսել են հանդիպել գրեթե 20 տարի առաջ: