Երեկ կայացավ «Միսս տիեզերք Արմենիա 2021» և «Միսս աշխարհ Արմենիա 2021» մրցույթները։ Հայաստանն արդեն նոր գեղեցկուհիներ ունի․ մրցույթում հաղթողներ ճանաչվեցին համապատասխանաբար 24-ամյա Նանե Ավետիսյանը և 19-ամյա Միրնա Պստիկյանը։
Այս տարի «Միսս Արմենիա» հիմնադրամի կազմակերպած մրցույթին մասնակցում էր 20 աղջիկ: Նրանցից ոմանք պայքարում էին «Միսս Տիեզերք»-ի, մի մասն էլ՝ «Միսս Աշխարհ»-ի ուղեգրի համար: Այս տարի հաղթող ճանաչված գեղեցկուհիներին թագադրեցին նախորդ տարվա հաղթողները՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը և «Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը։
Մրցութային ծրագրից հետո «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը և նորընծա գեղեցկուհիները խոսեցին իրենց սպասելիքների, հույզերի և հետագա անելիքների մասին։
Մեզ հետ զրույցում Գոհար Հարությունյանը նշեց, որ չնայած բարդ ընտրությանը՝ ժյուրին կարողացավ ճիշտ որոշում կայացնել․ «Ժյուրիները շատ արագ կողմնորոշվեցին։ Այո, բոլորն էլ տարբեր բնագավառներից են, բայց կարողացան ճիշտ վերլուծել, համատեղել բոլոր միջազգային մրցույթների չափանիշները և կատարեցին միանշանակ ճիշտ ընտրություն։ Աղջիկները պատրաստ են միջազգային մրցույթներին»։
Խոսելով հաղթող ճանաչված գեղեցկուհիների մասին՝ Գոհարն առանձնացրեց նրանց առավելություններն ու շանսերը․ ««Միսս Տիեզերք Արմենիան» իսկապես պատրաստ է «Միսս տիեզերք»-ի չափանիշներին այնքանով, որ ինքը համարձակ կերպար է, ինչն էլ պահանջում է «Միսս Տիեզերք»-ը, նա ասելիք ունի իր կենսափորձով, ցույց կտա՝ ինչպես լինել գեղեցիկ, խելացի, երկուսն էլ տիրապետում են չորս լեզուների, կարծում եմ՝ նրանք ամբողջովին համապատասխանում են անգամ հայ հասարակության պահանջներին։ Մեր հասարակությունը միշտ կարևորում է աղջիկների խելացիության և բնական լինելու հանգամանքը, և նրանք երկուսն էլ ավարտել են բարձրագույն կրթական հաստատություններ, ունեն հետաքրքիր փորձ, ասելիք և ի զորու են օգնելու հայ կանանց իրենց կենսափորձով։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման մասնակիցներ։ Կարծում եմ, որ հայ հասարակության մեջ շատ կարևոր է բարձրացնել կնոջ դերը»։
Անդրադառնալով փոփոխված ձևաչափին՝ Գոհար Հարությունյանը մանրամասնում է․ «Կարծում եմ՝ պետք է, որ արդարացնի։ Մենք գնահատել ենք նրանց արտաքին տեսքը, աղջիկները քայլել են պոդյումով, ցույց տվել իրենց առավելությունները, բայց երբևէ հայ հասարակությունը չի տեսել, թե ինչպես են ընտրվում նրանք։ Այս ֆիլմի շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք բացահայտելու նրանց տարբեր կողմերից։ Միգուցե արդյունքը նույնը չլիներ, ինչ եղավ այս ձևաչափում։ Մենք ունենք շատ կարճ ժամանակ, որպեսզի պատրաստվենք Պուերտո-Ռիկո մեկնելու՝ մասնակցելու «Միսս Աշխարհ»-ին, որը կկայանա դեկտեմբերի 16-ին, իսկ Նանեն կմասնակցի Իսրայելում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթին, և իրենք ունեն ընդամենը մեկուկես ամիս պատրաստվելու համար։ Աղջիկները տարբեր ձևով են պատրաստվելու, պետք է իրականցվի բարեգործական ծրագիր, երկուսն էլ պետք է պատրաստվեն դեֆիլեին, հղկեն իրենց խոսքը, շատ-շատ թղթաբանություն ունենք անելու և հավատացեք՝ ամբողջ մրցույթային աշխարհում սպասում են տեսնելու, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու այս երկու միջազգային մրցույթներին»։
«Միսս աշխարհ Արմենիա 2021» ճանաչված 19-ամյա Միրնա Պստիկյանը մեզ հետ զրույցում խոսեց իր հույզերի, նպատակների մասին, ինչպես նաև հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց իր կենսագրույթունից։
«Զգացմունքներս շատ խառն են այս պահին։ 20 մասնակից այսօր սպասում էր, որպեսզի տիտղոսն իրեն բաժին հասնի։ Ես ինձ այսօր շատ բախտավոր եմ զգում, որ այս հնարավորությունն ունեցա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միսս Գոհարին և ժյուրիի բոլոր անդամներին, ովքեր այդ հնարավորությունն ինձ տվեցին։ Ես պետք է մեծ պատասխանատվությամբ Հայաստանը ներկայացնեմ միջազգային մրցույթում»,- չզսպելով հույզերը՝ նշեց Միրնան։
Խոսելով իր արտաքին տվյալների մասին՝ գեղեցկուհին ասաց, որ պլաստիկ վիրահատության երբեք չի դիմել․ «Դրա հետ կապված խնդիր չունեմ։ Ես կարծում եմ, որ դա չէ գեղեցկացնում աղջկան, պետք է ունենալ ներքին գեղեցկություն, որովհետև ներքին գեղեցկությունն ազդում են նաև արտաքինի վրա»։
Միրնա Պստիկյանը 19 տարեկան է, սովորում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ապագա իրավապաշտպան է։ Միրնան խոստովանեց, որ նախկինում երբեք նմանատիպ մրցույթների չի մասնակցել, սա իր առաջին փորձն է, որն, ի դեպ, հաջողությամբ պսակվեց։
Պատմելով իր մասին «Միսս աշխարհ Արմենիա 2021»-ը նշեց, որ 6 տարի պրոֆեսիոնալ լողով է զբաղվել Սիրիայի հավաքականում։ «Սակայան ես 10 տարեկան էի, երբ սիրիական պատերազմը սկսվեց և ոչ միայն ես, այլ շատ սիրիահայեր բազմաթիվ դժվարությունների միջով անցանք։ Հենց դա էլ ազդեց իմ կարիերայի վրա, ես ստիպված էի ամեն ինչ թողնել և գալ Հայաստան, որպեսզի ես և ընտանիքս ավելի խաղաղ և անվտանգ ապրեինք։ Դժբախտաբար հնարավորություն չեղավ կարիերաս այստեղ շարունակելու։ Բայց շատ շնորհակալ եմ Աստծուն, որ այս հնարավորությունն ինձ տրվեց, քանի որ հիմա կարող եմ Հայաստանը ներկայացնել միջազգային միցույթում»,- ասաց Միրնան։
Միրնան արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում է ապրում, այստեղ է տեղափոխվել 2019 թվականին՝ Համահայկական խաղերից հետո։
Խոսելով իր նպատակների և մրցույթին պատրաստվելու ընթացքի մասին՝ Միրնան պատմեց․ «Ես մրցույթին մասնակցել եմ երկու նպատակով․ առաջինը՝ ուզում էի մեր Հայաստանի հայերին իմ օրինակը ցույց տալ․ ես էլ եմ անցել պատերազմի միջով, ուզում եմ կիսվել իմ պատմությամբ։ Ես հասկանում եմ նրանց ցավը և ես գիտեմ, որ կկարողանամ թեթևացնել այն իմ օրինակով։ Պետք է հավատանք, որ այս պատերազմը մի օր կավարտվի, քանի որ ես հավատացի, որ կարող եմ խաղաղության մեջ ապրել, այնպես որ նրանք էլ կարող են խաղաղության մեջ ապրել։ Իսկ համաշխարհային մրցույթին կուզեմ ներկայացնել հայ կնոջ կերպարը, ուզում եմ ներկայացնել Հայաստանն իր դժվարություններով։ Մեր երկիրն այնպիսին է, որ կարող է կանգնել հզոր երկրների կողքին։ Եվ թե՛ ես, թե՛ մեր մյուս մասնակիցը ամեն ինչ կանենք՝ մեր երկիրը պատվով ներկայացնելու համար։
ShowBiz.am-ի հետ զրույցում «Միսս տիեզերք Արմենիա 2021» ճանաչված Նանե Ավետիսյանը պատմեց իր մասին, կիսվեց իր հույզերով և ապագա պլաններով։
Նանե Ավետիսյանը 24 տարեկան է, ծնվել-մեծացել է Երևանում, սակայն, ինչպես ինքն է նշում, իր բոլոր ամառներն անցկացրել է գյուղում, որտեղ պապիկն է ապրել։ «Իրավաբանական կրթություն ունեմ, ավարտել եմ Ֆրանսիական համալսարանը, միևնույն ժամանակ սովորել եմ Ֆրանսիայի Ժան Մուլեն համալսարանում։ Աշխատում եմ Թովմասյան բարեգործական հիմնադրամում՝ որպես գործառնությունների տնօրեն։ Մեր հմնադրամը զբաղվում է մշակույթի, գիտության և սպորտի զարգացմամբ։ Դա այն ոլորտն է, որի զարգացման անհրաժեշտությունը միշտ զգացել եմ իմ կյանքում ու կարծում եմ, որ երկրի հզորացման, կայացման համար պետք սկսել հենց այդ ոլորտներից։ Առաջին հերթին հենց գիտություն-կրթություն, հետո նաև մշակույթն ու արվեստը»,- նշում է Նանեն։
Դպրոցական տարիքում Նանեն մասնակցել է «Միսս աշակերտուհի» մրցույթին և կրկին հաղթող է ճանաչվել․ «Բայց, որպես այդպիսին, մրցույթին շատ փորձ պետք չի եղել, քանի որ այն ավելի շատ սիրողական բնույթ է կրել»։
Խոսելով մրցույթին մասնակցելու և դրա նախապատրաստական աշխատանքների մասին՝ գեղեցկուհին նշում է․ «Ես այս որոշմանը եկել էի դեռևս երկու տարի առաջ, ես և ընկերուհիներս զրուցում էինք, արդեն մրցույթի քասթինգը սկսվել էր, և նրանք ինձ հարցրին, թե ինչո՞ւ չեմ դիմում։ Ես այդ պահին հայտ չներկայացրի, բայց այս տարի նրաք ինձ համոզեցին, ասացին, որ անպայման պետք է գրանցվեմ, մասնակցեմ, և ես ինքս էլ հասկացա, որ կարող եմ, իսկ ինչո՞ւ ոչ»։
Նանեն նշում է, որ հաղթանակն իր համար անսպասելի է եղել, սակայն մյուս աղջիկները վստահ են եղել, որ հաղթողի կոչումն իրենն է լինելու․ «Իրականում վերջին մի քանի օրերին աղջիկներն ինձ մոտենում, ասում էին՝ Նանե, հաստատ դու ես հաղթելու, մենք այդպիսի զգացողություն ունենք։ Ու ես այդ պահին իրոք նրանց չէի հասկանում, այսօր էլ հաղթանակից հետո նրանք ինձ կրկին հիշեցնում էին՝ մենք գիտեինք, մենք զգում էինք դա։ Մինչև առավոտ էլ ես վատ կանխազգացում ունեի, անհանգիստ էի և ասել, որ սպասում էի իմ հաղթանակին, սուտ կլինի»։
Նանեի արտաքինը ևս բնական է․ «Ես չեմ արել պլաստիկ կամ որևէ այլ միջամտություն։ Ես ինքս կարծում եմ, որ գեղեցիկ է առավելապես բնական լինելը, կարծում եմ՝ որքան մոտ բնությանը, այնքան ավելի գեղեցիկ»։
Հեղինակ՝ Լուս Ավագյան