Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին մեղադրել է իր դեմ դավադրության համար և դատական հայց ներկայացրել

Դերասան Բրեդ Փիթը նախկին կնոջը՝ դերասանուհի Անջելինա Ջոլիին, մեղադրել է դավադրության համար՝ Ֆրանսիայում խաղողի այգու իրենց ընդհանուր ունեցվածքի կեսը վաճառելու փորձի համար, հայտնել է Daily Mail-ը՝ վկայակոչելով Լյուքսեմբուրգի դատարանում ներկայացված հայցը:

Նշվում է, որ 405 հա մակերեսով և ավելի քան 160 մլն դոլար արժողությամբ Chateau Miraval կալվածքում զույգը ամուսնացել է 2014 թվականին:

Փիթի հայցում նշվում է, որ իր նախկին կինը «համակարգված կերպով խանգարում է» իրեն տնօրինել սեփականության իր բաժինը: Դերասանի փաստաբանները նշել են, որ Անջելինան փորձում է վաճառել իր գույքի մի մասը խորհրդանշական գումարով, ինչը նրան կօգնի Փիթին զրկել այն տնօրինելու և շահույթ ստանալու իրավունքից՝ չնայած նախագծում ներդրված ժամանակին և գումարին: Փիթին մոտ կանգնած աղբյուրը Ջոլիին անվանել է «վրեժխնդիր իրավախախտ»՝ մեկնաբանելով դատարան ներկայացված բողոքը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Փիթը ներկայացրել է շամպայնի իր առաջին տեսակը՝ Fleur de Miraval-ը: Chateau Miraval կալվածքում աճեցված խաղողից վարդագույն գինի ստեղծելու համար պահանջվել է հինգ տարի: