Դենիել Քրեյգը Ջեյմս Բոնդի դերի համար ստացել է զինվորական կոչում

Դերասան Դենիել Քրեյգը դարձել է Բրիտանական նավատորմի պատվավոր հրամանատար: Ըստ Royal Navy-ի կայքէջի՝ 53-ամյա դերասանին կոչումը շնորհվել է Բրիտանիայի ռազմածովային ուժերի դրական իմիջում ունեցած ներդրման և զինվորական ընտանիքներին աջակցելու համար:

«Ես շատ շնորհակալ եմ, ինձ համար մեծ պատիվ է ստանալ պատվավոր ավագ հրամանատարի կոչում»,- ասել է Քրեյգը:

Ջեյմս Բոնդի “No Time to Die” նոր մասի վրա աշխատելու ընթացքում լրտեսական թրիլլերի ստեղծողները սերտորեն համագործակցել են Պաշտպանության դեպարտամենտի և Բրիտանական նավատորմի հետ, որոնք ապահովել են անհրաժեշտ սարքավորումներն ու վայրերը` նկարահանումների համար:

Քրեյգի համար “No Time to Die” կդառնա շարքի վերջին ֆիլմը: Դերասանը լրտեսի դեր է կատարել 15 տարի շարունակ՝ սկսած «Կազինո Ռոյալ»-ից: Քրեյգի մասնակցությամբ՝ «007 գործակալի» մասին նկարահանվել է 5 ֆիլմ: