«Թքած ունեմ բոլոր այդ կատակերգուների վրա». Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է ՌԴ-ից արտաքսված կատակերգու Իդրակ Միրզալիզադեի հետ կապված իրավիճակին (տեսանյութ)

Կատակերգու, Comedy Club-ի նախկին անդամ Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալվել է «А поговорить?» յութուբյան հաղորդմանը, որի ժամանակ խոսել է իր համար գործունեության նոր ժանրի՝ «սթենդ ափի» և դրա դժվարությունների մասին:

Հաղորդման ժամանակ լրագրողը վերջինիս հարցրել է, թե ինչպես է վերաբերվում սթենդափեր Իդրակ Միրզալիզադեի հետ կապված իրավիճակին, որին ՌԴ ՆԳՆ-ն արտաքսել է երկրից՝ ռուսների մասին վատ արտահայտվելու համար: Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Մարտիրոսյանը համերաշխություն է հայտնում Իդրակին, ինչպես դա արել են շատ կատակեգուներ:

«Թքած ունեմ բոլոր այդ կատակերգուների վրա: Ես ոչ մի համերաշխություն չունեմ նրանց հետ: Նրան թվում կան շիզոֆրենիկներ, մոլագարներ, թմրամոլներ, սրիկաներ, անտանելի տիպեր… Ես երբեք պատասխան չեմ տա կատակերգուների արած քայլերի համար»,- ասել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կատակերգուների շրջանում կան նաև բարեպաշտ, օրինակելի մարդիկ, սակայն ամեն մարդ ինքն է պատասխան տալիս իր արարքների համար:

Մարտիրոսյանն անդրադարձել է նաև իր կատակների համար իր հասցեին հնչած քննադատություններին այլ կատակերգուներ և վերլուծաբանների կողմից: Վերջինս բացատրել է, որ որոշակի թեմաներին անդրադառնալու համար նախաբաններ են անհրաժեշտ, որով էլ սովորաբար սկսում է իր կյանքի մասին պատմող կատակները:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՌԴ ՆԳՆ-ն որոշում էր կայացրել կատակերգու Իդրակ Միրզալիզադեի ներկայությունը Ռուսաստանում ցմահ անցանկալի է:  Տագանյան դատարանն օգոստոսի 9-ին Միրզալիզադեին  մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում ատարելու մեջ՝ թշնամություն կամ ատելություն հարուցելու մասին հոդվածով և 10-օրյա ժամկետով վարչական կալանք է սահմանել նրա նկատմամբ: