Netflix-ը ներկայացրել է հարթակում ամենից շատ դիտված սերիալների և ֆիլմերի վիճակագրությունը

Ամերիկյան Netflix հեռարձակման ծառայությունը ներկայացրել է իր ֆիլմերի և սերիալների հանրաճանաչության վիճակագրությունը:

Ինչպես փոխանցում է The Verge պարբերականը, Կալիֆոռնիայում տեխնոլոգիական համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս ընկերության ղեկավարներից մեկը՝ Թեդ Սարանդոսը ներկայացրել է վերոնշյալ վիճակագրական տվյալները:

Ըստ ծառայության տվյալների՝ սերիալների ցուցակը գլխավորում է «Բրիջերտոնները» (Bridgerton, 2020) սերիալի առաջին եթերաշրջանը, որը դիտել են 82 գրանցված հանդիսական: Առաջատար եռյակում են ընդգրկվել «Լյուպեն» (Lupin, 2021) և «Կախարդը» (The Witcher, 2020) սերիալները, որոնցից յուրաքանչյուրը դիտել է 76 մլն օգտատեր:

Ֆիլմերի թվում առավել շատ դիտվածներն են «Թայլեր Ռեյք. փրկարարական գործողություն» (Extraction, 2020) ֆիլմը՝ Քրիս Հեմսվորթի գլխավոր դերակատարմամբ: Այն դիտել է 99 մլն օգտատեր: Հաջորդիվ ներկայանում են «Թռչնի արկղ» սարսափ ֆիլմը (Bird Box, 2018), որը դիտել է 89 մլն մարդ: Երրորդն այս շարքում «Սփենսերի արդարադատությունը» մարտաֆիլմն է (Spenser Confidential, 2020):