Հոկտեմբերի 9-ին Կրեմլում ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ մեծ համերգ տեղի կունենա՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին: Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց անվանի կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը։
«Միջոցառումը լինելու է մեծ ու պատասխանատու։ Կատարողները ռուսական էստրադայի առաջին էշելոնի ներկայացուցիչներն են՝ Ֆիլիպ Կիրկորովը, Բեդրոս Կիրկորովը, Կրիստինա Օրբակայտեն, Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ալեքսանդր Պանայոտովը, Վիտասը և այլ երգիչներ»,- ասել է Բաբաջանյանը:
Նա նշեց, որ իրենց ընտանիքի մտերիմ ընկեր Բեդրոս Կիրկորովը, չնայած իր տարիքին, ինքն է առաջարկել երգել համերգին։ Բանն այն է, որ նա մեծ կոմպոզիտորի հետ ծանոթացել է դեռ երիտասարդ տարիքում, երբ Առնո Բաբաջանյանն ու նրա կինը հանգստանում էին Բուլղարիայում։ Հենց Բաբաջանյաններն են օգնել նրան գալ Մոսկվա և սովորել։ Ավագը Կիրկորով կկատարի «Ազգ իմ փառապանծ» երգը:
Բացի այդ, «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի» մենակատարները պատրաստել են երկու համար՝ «Նոր Երևան» ու «Գիշերային Մոսկվայով» երգերով:
Նվեր կլինի նաև հայտնի կոմպոզիտոր, մաեստրո Իգոր Կրուտոյի կողմից. նա կկատարի Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»: Համերգը կհեռարձակվի ռուսական Առաջին ալիքով:
Առնո Բաբաջանյանը ХХ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, դաշնակահար, մանկավարժ: