Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը լուծել է Disney-ի հետ կոնֆլիկտը, որը ծագել էր «Սև այրի» ֆիլմի թողարկումից հետո: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ստուդիային:
Հաղորդվում է, որ Յոհանսոնը և ստուդիան համաձայնության են եկել: Սակայն գործարքի մանրամասները չեն բացահայտվում: Disney Studios-ի նախագահ Ալան Բերգմանի խոսքերը մեջբերում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք փոխհամաձայնության գալ Սքարլեթ Յոհանսոնի հետ «Սև այրի» ֆիլմի վերաբերյալ: Մենք բարձր ենք գնահատում նրա ներդրումը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում և անհամբերությամբ սպասում ենք մի շարք առաջիկա նախագծերի, այդ թվում «Սարսափների աշտարակ» նախագծի վրա միասին աշխատանքին»,- ասել է նա։
kino.mail.ru-ն գրում է, որ հուլիսին Յոհանսոնը դատի էր տվել Disney ստուդիային «Սև այրին» առցանց ցուցադրության պայմանագրի խախտման համար: Նրա պայմանագիրը նախատեսում էր կինոթատրոններում ցուցադրություն, այլ ոչ թե ֆիլմի պրեմիերան առցանց։
Disney-ը պատասխանել է, որ ամբողջությամբ կատարել է Յոհանսոնի պայմանագիրը, և «Սև այրի» ֆիլմի թողարկումը Disney + պրեմիում բաժանորդագրությամբ՝ «զգալիորեն մեծացրել է նրա լրացուցիչ գումար վաստակելու հնարավորությունը», բացի 20 միլիոն դոլարից, որն արդեն ստացել է այս ֆիլմի համար: