Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ կնկարահանի 2019 թվականի օգոստոսին Մոսկվայի մարզում եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ինքնաթիռի օդաչու, Ռուսաստանի հերոս Դամիր Յուսուպովը, ով կդառնա ֆիլմի խորհրդատուն:

«Ֆիլմը կնկարահանի Անդրեասյան եղբայրների կինոընկերությունը: Ես ձեզ կտեղեկացնեմ աշխատանքի ընթացքի մասին և պատրաստ եմ լսել ձեր կարծիքները»,- գրել է Յուսուպովն ինստագրամում:

Նրա խոսքով, հիմա պատրաստվում է ֆիլմի սցենարը: Այն գրում է Ալեքսեյ Գրավիցկին:

«Այս պատմությունը մարդու ճակատագրի, նրա երազանքի՝ օդաչու դառնալու երկար և դժվարին ճանապարհի մասին է: Պատմությունը կյանքի փխրունության մասին է, այն մասին, թե ինչպես է մահվանը մոտ լինելն ազատում մարդկանց մակերեսային կեղևից և նրանց վերադարձնում ընկալման հստակությունը»,- ասել է Յուսուպովը: