Հրապարակվել են Ճապոնիայի արքայադստեր պսակադրության և դրան հաջորդած ցույցի կադրերը (լուսնակարներ)

Ճապոնիայի արքայադուստր Մակոն այսօր պաշտոնապես գրանցել է իր ամուսնությունը նախկին համակուրսեցի Կեյ Կոմուրոյի հետ, որը հասարակ քաղաքացի է և ազնվացեղ ընտանիքի ներկայացուցիչ չէ: Այդ իսկ պատճառով էլ, դառնալով նրա կինը, Մակոն զրկվել է արքայական տիտղոսից և դադարել է լինել կայսերական ընտանիքի անդամ։

30-ամյա արքայադստեր պսակադրությունից, ինչպես նաև պսակադրությանը հաջորդած բողոքի ակցիայից կադրեր է հրապարակել Daily Mail պարբերականը: Թագաժառանգ արքայազն Ակիսինոյի ավագ դստեր պսակադրությունը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նրանց պսակադրության դեմ ակցիա է տեղի ունեցել մայրաքաղաքում: Մարդկանց դժգոհության պատճառը արքայադստեր ընտրյալի և նրա մոր հետ կապված սկանդալն էր, որոնք խոշոր պարտքեր ունեն:

Կեյ ու Մակոն նշանադրված են եղել 2017 թվականից, նրանց պսակադրությունը մեկ անգամ արդեն խափանվել էր 2018 թվականին, երբ երկրում սկանդալ էր տարածվել Կեյի մոր պարտքերի պատճառով: