Հոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը» տեղի ունեցավ Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունը, որտեղ լավագույն անվանակարգում պարգևատրվեցին կինոյում ներդրում ունեցող անձինք: Այն առաջին անգամ էր անցկացվում և տարբերվում էր մյուս մրցանակաբաշխություններից․ մրցանակակիրներին որոշելու համար ստեղծվել էին հատուկ գիլդիաներ: Կինոգիլդիաները 6 են՝ նկարիչներ, օպերատորներ, ռեժիսորներ, սցենարիստներ կինոլրագրողներ, կինոքննադատներ և պրոդյուսերներ:
Այս ձևաչափի առանձնահատկությունն այն է, որ չկա ժյուրի. ոլորտի մասնագետները քվեարկում են միմյանց աշխատանքների համար և տալիս նեղ մասնագիտական գնահատական: Քվեարկության կանոններն այնպիսին են, որ ինքդ չես կարող քվեարկել քո արտադրանքի օգտին․ փորձել է արվել պահպանել օբյեկտիվության բոլոր սահմանները։
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմանդիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, պրոդյուսեր Արման Միտոյանը, օպերատոր Վահանգ Տեր-Հակոբյանը, կինոնկարիչ Արմեն Ղազարյանը և այլք:
«Միջոցառումը պետք է կայանար դեռևս 2018-ին, սակայն հայտնի պատճառներով հետաձգվեց, արդյունքում ընգրկվել են նախորդ երեք տարիների աշխատանքները: Դիտարկվում են բոլոր այն ֆիլմերը, որոնք արտադրված են այստեղ կամ համատեղ»,- իր խոսքում նշեց կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Արման Միտոյանը:
Գիլդիաների մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել երկու տարին մեկ:
«Երկար էի մտածում` արդյոք արժի՞ այս տարի անել փառատոն. վերջին շրջանում կատարվածից հետո, երբ մեր կորուստները շատ-շատ են, դժվար է, հուսահատեցնող, բայց մենք ապրելու և ստեղծագործելու իրավունք ունենք: Ստեղծելով պետք է առաջ գնանք, որ վերադարձնենք կորցրածը, հաղթահարենք ու զարգանանք: Գիլդիաների նպատակն է, որ ոլորտի մասնագետները կապի մեջ լինեն իրար հետ ու կարողանան քանդել այս անհասկանալի թնջուկը, որը կոչվում է հայկական կինո, որտեղ ոչ ոք ոչ ոքի չի սիրում, բոլորն իրար համարում են անտաղանդ, բոլորն իրենց համարում են հանճարեղ: Կարծում եմ՝ բոլորն էլ տաղանդավոր են ու հրաշալի ֆիլմեր են ստեղծել»,- իր խոսքում նշեց ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որի վաղեմի երազանքն է եղել գիլդիաների ստեղծումը։
Ներկայացնում ենք հաղթողների ամբողջական ցանկը․
Կինոպրոդյուսերների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան, ֆիլմ` «Անհայտ բաժանորդ»
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Կարինա Սիմոնյան, ֆիլմ` «Նոր տարվա գոճի»
Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան, ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան, ֆիլմ` «Անատոլիական պատմություն»
Կինոսցենարիստների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան եւ Քնարիկ Միրզոյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»
Կինոռեժիսորների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան, ֆիլմ` «Նոր տարվա գոճի»
Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան, ֆիլմ` «Կանանց գյուղը»
Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, ֆիլմ` «Կաֆկա»
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան, ֆիլմ` «Անատոլիական պատմություն»
Կինոօպերատորների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան, ֆիլմ՝ «Որբություն»
Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան, ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան, ֆիլմ` «Թողություն»
Կինոնկարիչների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան, ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան, ֆիլմ` «Արեւ, սարեր եւ սեր»
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան, ֆիլմ՝ «Լորիկ»
Կինոգետների եւ կինոլրագրողների գիլդիա
Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի եւ հրապարակված գրքերի համար»՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյան
Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի եւ հրապարակված գրքերի համար»՝ կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյան։