Դերասանուհի Մերի Հակոբյանը 2 տարվա դադարից հետո վերադառնում է եթեր։ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում՝ ВГИК-ում, ուսումն ավարտելուց հետո նա վերադարձել է Երևան և պատրաստվում է հանդիսատեսին ներկայանալ մի շարք նորություններով։
Առաջիկայում Մերին կնկարահանվի նոր նախագծում, որի մանրամասներն առայժմ չի բացահայտում, մինչև այդ նա վերականգնել է սոցիալական ցանցերի ակտիվությունը և նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել կյանքի այս փուլի մասին։
«Ես կարիերաս կիսատ թողեցի և մեկնեցի Մոսկվա հենց այն փուլում, երբ ունեի շատ առաջարկներ, խաղում էի գլխավոր կերպարներ, սակայն ինձ համար շատ ավելի կարևոր էր ուսումս։ Նպատակ ունեի ավելի խորն ուսումնասիրել այս արվեստը, հասնել պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակի։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր բնագավառում պետք է ձգտի զարգանալ։ Ինձ համար շատ ուրախալի, միաժամանակ, պարտավորեցնող էր, որ այս ընթացքում առաջարկները չէին դադարում։ Ինձնից հետաքրքրվում էին՝ երբ եմ վերադառնալու Հայաստան։ Շնորհակալ եմ իմ հարազատ հեռուստաընկերությանը՝ «Արմենիա TV»-ին ինձ չմոռանալու համար։ Վերադառնալուն պես էլ նկարահանվելու առաջարկներ ստացա, ինչն ինձ համար շատ կարևոր գնահատական է։ Շուտով եթերում կլինեմ նոր նախագծով»,- ասաց Մերին ու հավելեց, որ շատ է կարոտել նկարահանման ընթացքն ու իր հանդիսատեսին։
Մերին նկատեց, որ այս 2 տարին հեշտ չէին․ բարդ էր թե՛ ընդունվելը, թե՛ ուսումնական ընթացքը, թե համակուրսեցիների հետ հարաբերությունները, քանի որ նրանց թվում կային ադրբեջանցիներ։
«Ընդունվելու և 20 լավագույնի կազմում ընդգրկվելու համար 3 փուլ եմ անցել։ 2 տարի նախապատրաստվել էի քննություններին։ Սովորելու ընթացքն էլ հեշտ չէր, բայց դժվարություններ միշտ լինում են»,– ասաց դերասանուհին, որն այս ընթացքում կորցրել է ինստագրամյան էջը, որն ուներ 350.000 հետևորդ։ Մերին դա կապում է ադրբեջանցի համակուրսեցիների հետ ունեցած հակասությունների հետ։