«Հավերժներն» արգելվել է Մերձավոր Արևելքում ԼԳԲՏ տեսարանների պատճառով

Marvel-ի «Հավերժները» մարտաֆիլմը թողարկվելուց մեկ շաբաթ առաջ արգելվել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: Դա անտարբեր չի թողել ֆիլմի դերակատարներից մեկին՝ Անջելինա Ջոլիին. աստղը իշխանությունների որոշումը անվանել է «անտեղյակություն»:

«Ցավում եմ, որ հեռուստադիտողները չեն կարողանա դիտել ֆիլմը արգելքի պատճառով։ Բայց ես հպարտ եմ, որ Marvel-ը հրաժարվեց հանել որոշ տեսարաններ: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել մի աշխարհում, որտեղ դեռ կան մարդիկ, ովքեր չեն նկատում, որ Ֆաստոսն իսկական ընտանիք ունի՝ չհասկանալով իրենց հարաբերությունների գեղեցկությունը, չընդունելով նրանց սերը: Ամեն ոք, ով զգում է զայրույթ, վախ, հավանություն կամ մերժում դրա պատճառով, պարզապես անգրագետ է»,- եզրափակել է Անջելինա Ջոլին:

«Հավերժները» Marvel-ի առաջին բլոկբաստերն է, որում ներկայացված է համասեռամոլ սուպերհերոս Ֆաստոսը: Նրա դերը կատարել է Բրայան Թայրի Հենրին: Ֆիլմում կա մի տեսարան, որտեղ նա համբուրում է ամուսնուն:

Մարտաֆիլմը պետք է թողարկվեր նոյեմբերի սկզբին ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի, Բահրեյնի և Օմանի կարգավորող մարմիններն արգելեցին The Eternals-ի հեռարձակումը պրեմիերայից մեկ շաբաթ առաջ: Լրատվամիջոցները կարծում են, որ դա պայմանավորված է ոչ միայն համասեռամոլի համբույրով, այլև էկրանին աստվածների և մարգարեների պատկերով. իսլամը և մերձավորարևելյան ավանդույթներն ուղղակիորեն արգելում են դա:

ԱՄԷ-ում, Հորդանանում, Լիբանանում և Եգիպտոսում «Հավերժները» կթողարկվի, բայց կրճատ տարբերակով: Բոլոր սիրային տեսարանները՝ և՛ միասեռական, և՛ հետերոսեքսուալ, կհեռացվեն ֆիլմից: