«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը հատեց եզրագիծը

Ավարտվեց «Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը:  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող իրադարձությունն այս տարի տեղի ունեցավ նոյեմբերի 21-24-ը:

Փառատոնն ամփոփվեց «Սպասուհիների աշունը» ներկայացմամբ՝ ըստ Եվրեպիդեսի։ Այն «Ռոյալ Դիստրիքթ» (Royal District) թատրոնի (Գերմանիա-Վրաստան) համատեղ նախագիծ էր, որի ցուցադրությունը կայացավ Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում։

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ «Սպասուհիների աշունը» այս տարվա միակ ոչ առցանց ներկայացումն էր, որով հայտարարում են հոբելյանական՝ հաջորդ 20-րդ «Հայ Ֆեստ» փառատոնի մեկնարկը։

Ազգությամբ վրաց ռեժիսոր Նինո Հարաթիշվիլիի և բեմանկարիչ և զգեստների ձևավորող Յուլիա Բ. Նովիկովայի համատեղ ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջոցով։

Նինո Հարաթիշվիլին արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ադալբերտ Շամիսոյի, Բերտոլտ Բրեխտի, Աննա Սեղերսի և Շիլլեր Մեմրոիալ մրցանակի։ Սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամայի և կինոյի ինստիտուտի կինոռեժիսուրայում, իսկ բեմական ռեժիսուրա՝ Համբուրգի թատերական ակադեմիայում, Գերմանիա: 2007թ.-ից աշխատում է որպես անկախ ռեժիսոր, դրամատուրգ և արձակագիր ողջ Եվրոպայում և Վրաստանում: Փառատոնի բացումն այս տարի ազդարարվեց ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքներ, բացառիկ ցուցանմուշների տեսքով՝ սկսած հեռավոր ժամանակներից մինչև մեր օրերը։

Բեմական տարածքներով շրջելու գաղափարը՝ վերջերս կյանքից հեռացած փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է։ Այն կյանքի է կոչել և համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Աշխատանքներին աջակցել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան)։

Առցանց հարթակում փառատոնի մեկնարկն ազդարարեց Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին հանձնվեց բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» /փորձարարական խաղ/ առցանց ներկայացումը՝ ըստ Ա․ Չեխովի «Բալենու այգին» պիեսի։ Այս ներկայացման ձևաչափն անսովոր է հանդիսատեսի համար․ ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք է գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացում այն հեռակառավարման վահանակի դեր է տանում, և սյուժետային գիծը հնարավոր է փոխել՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։ Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է։ Ռանևսկայի դերում «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթը։

Փառատոնի օրերին առաջին անգամ ցցուցադրվեց մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» և «Աստծո դատաստանը վերջ տալով» VR (ներկայացում վիրտուալ իրականության մեջ) ներկայացումները։ VR ներկայացումներ ցուցադրեց նաև Աուքսբուրդի (Գերմանիա) պետական թատրոնը։

Գերհագեցած էր փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրույթուն, միջազգային կոնֆերանս՝ «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը», ինչպես նաև zoom հանդիպումներ՝ թատրոնի հայտնի դեմքերի հետ՝ Կիրիլ Սերեբրեննիկով և այլք։

Փառատոնն անց է կացվել նաև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Ցուցադրվել են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով արտացոլվել են բնակելի շենքերի պատերին։

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի նվիրված էր փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։ Այն կրում էր «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» կարգախոսը։

2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: