Ամերիկացի հայտնի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը («Ժայռը») առաջիկա Սուրբծննդյան տոնի առթիվ շնորհավորել է ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանին ու նրան նվիրել իր ավտոմեքենան։ Ջոնսոնն այդ մասին հայտնում է Twitter-ում։
49-ամյա դերասանը Լոս Անջելեսում անցկացրել է իր նոր՝ «Կարմիր ծանուցում» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որի ընթացքում այցելուներին հյուրասիրել է իր սեփական «Տերեմանա» տեկիլայով։ Իսկ երկրպագուներից մեկին նա հատուկ անակնկալ է արել` նվիրելով իր սեփական պիկապը։ Նա տղամարդուն ներկայացրել է որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան։
Ջոնսոնն ասել է, որ Օսկար Ռոդրիգեսն այժմ որպես մարզիչ է աշխատում, խնամում է իր 75-ամյա մորը և օգնում ընտանեկան բռնության ենթարկված կանանց։
«Ռազմածովային նավատորմի հպարտ և համեստ վետերան: Բարի մարդ»,- ասել է դերասանը:
Նա Ռոդրիգեսին հրավիրել է իր ավտոմեքենայի մոտ ու խնդրել կարդալ առջևի նստարանին դրված գրությունը. «Շնորհակալ եմ ծառայության համար, եղբայր, վայելիր քո նոր պիկապը»:
Երկտողը կարդալուց հետո երկրպագուն նստել է մայթին ու արտասվել։ Հետո գրկել է Ջոնսոնին ու նստել մեքենայի ղեկին՝ շարունակելով շնորհակալություն հայտնել դերասանին նման հուզիչ նվերի համար։