Ում է զանգահարում և ում զանգերին պատասխանում Մեծ Բրիտանիայի թագուհին

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ 2-րդն ունի Samsung բջջային հեռախոս՝ «հակահաքերային կոդավորմամբ», որը նախատեսված է Նորին մեծության և նրա ընտանիքի անդամների շփման համար։ Սակայն ոչ բոլոր հարազատների ու մտերիմների հեռախոսազանգերին է միապետն անմիջապես պատասխանում։ Այս մասին գրում է «5-tv.ru»-ն։

Թագավորական փորձագետ Ջոնաթան Սակերդոտիի խոսքով՝ Ելիզաբեթ Երկրորդին ընդամենը երկու բաժանորդ կարող է զանգահարել ցանկացած ժամանակ, և նա առավել հաճախ հենց այդ հեռախոսահամարներն է հավաքում:

Բջջային պաշտպանության հատուկ համակարգը, որը մշակվել է MI6-ի կողմից (Մեծ Բրիտանիայի ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայություն), երաշխավորում է, որ ոչ ոք չի կոտրի թագուհու հեռախոսը, չի կարդա նրա հաղորդագրությունները և չի բացահայտի կոնտակտների ցուցակը:

Աղբյուրները պնդում են, որ դա աշխարհի ամենազարգացած սարքերից մեկն է։ Բայց դրա օգնությամբ Ելիզաբեթ 2-րդը հրթիռներ չի արձակում, այլ պարզապես զրուցում է հարազատների հետ։

«Երկու մարդ, որոնց նա հաճախ է զանգահարում, դա դուստրն է՝ արքայադուստր Աննան և նրա մենեջեր Ջոն Ուորենը»,- Express-ը մեջբերում է Սակերդոտի խոսքերը։

Ուորենը թագուհու ընկերոջ՝ հանգուցյալ կոմս Կարնարվոնի փեսան է։ Փորձագետը նշել է, որ երբ վաղեմի ընկերոջ ժառանգը զանգում է թագուհուն, աշխարհի որ կետում էլ նա գտնվի, միշտ պատասխանում է հեռախոսազանգին: