Կիրկորովի իրավաբանն արձագանքել է երգչին սպառնացող վարչական կալանքի մասին տեղեկություններին

Ռուս հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի իրավաբան Ալեքսանդր Դոբրովինսկին news.ru-ի հետ զրույցում վստահեցրել է, որ երգիչը ճանապարհային ոստիկանության չվճարված տուգանքներ չունի և դրանք չվճարելու համար չի կարող պատասխանատվության ենթարկվել։

Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Կիրկորովին մինչև 15 օր ժամկետով վարչական կալանք է սպառնում ճանապարհային ոստիկանության սահմանած տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու պատճառով:

«Ֆիլիպն ինքը գրեթե երբեք մեքենա չի վարում, նա վարորդի հետ է երթևեկում, այդպես հարմար է»,- ընդգծել է Դոբրովինսկին։

Փաստաբանը կապ է հաստատել նաև երգչի հաշվապահի հետ և պարզել, որ ամեն ինչ վճարված է։ Նրա խոսքով` տարածված լուրը հնացած է։

«Կարծում եմ` նիստը 15 րոպեից շատ չի տևի, եթե ընդհանրապես կայանա։ Բոլոր տուգանքները վճարված են»,- ասել է փաստաբանը։

Նշենք, որ ըստ Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի` երգչի նկատմամբ 90 վարչական արձանագրություն է կազմվել ճանապարհային տուգանքների վճարումից խուսափելու համար։ Արձանագրությունների քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին:

Մոսկվայի պետավտոտեսչության կազմած արձանագրություններից յուրաքանչյուրի համար Կիրկորովին պատիժ է սպառնում առնվազն վարչական տուգանքի տեսքով (չվճարված գումարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան հազար ռուբլի):

Կիրկորովը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավապահների պահանջները։

Ura.ru տելեգրամյան ալիքի տեղեկություններով` արտիստը շատ է զարմացել, երբ իմացել է, որ իրեն ձերբակալություն է սպառնում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և 90 տուգանք չվճարելու համար։