Ալբոմը, որն ամբողջությամբ կազմված է թռչունների ծլվլոցից և ճիչերից, մտել է պատմության մեջ: Այն ներառվել է Ավստրալիայի գլխավոր չարթերի՝ ARIA Charts-ի լավագույն հավաքածուների հնգյակում՝ առաջ անցնելով Մրայա Քերիից և ABBA-ից. հաղորդում է ABC News-ը:
«Songs of Disappearance» ալբոմում հնչում են Ավստրալիայի ամենահազվագյուտ թռչունների 53 տեսակների երգերը: Նրանք բոլորն էլ անհետացման եզրին են: «Երգերը» ձայնագրել է Դեյվիդ Ստյուարտը, որը տարիների ընթացքում «հավաքել» է տարբեր թռչունների ձայները՝ ճանապարհորդելով երկրի հեռավոր անկյուններով:
Հրատարակությունը նշում է, որ սա իր տեսակի մեջ առաջին ձայնագրությունն է, որն ընդգրկվել է ARIA-ի լավագույն ալբոմների թոփ 5-ում: Այն վաճառվել է ավելի քան երեք հազար օրինակով:
«Բացարձակապես անհավանական է առաջ անցնել Մայքլ Բուբլեից, Մրայա Քերիից և այլ իսկապես հայտնի արտիստներից»,- մեկնաբանել է գիտնական և ալբոմի համահեղինակ Էնթոնի Ալբրեխտը:
Նա նաև հավելել է, որ այդքան էլ զարմացած չէ արդյունքից, քանի որ կարծում է, որ ավստրալացիներին այժմ ավելի շատ մտահոգում է անկայուն բնապահպանական իրավիճակը:
Ալբոմի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Ավստրալիայի թռչունների պահպանման կազմակերպությանը: