Երեկ Փարիզում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը, որում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան։
Մալենան 14 տարեկան է, ասում է՝ 7 տարի երազել է այս բեմում Հայաստանը ներկայացնելու մասին։ Սա «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը դառնալու Մալենայի երրորդ փորձն էր։ Հաղթանակից հետո ելույթի ժամանակ Մալենան չկարողացավ զսպել արցունքները։
Նա 2018 թվականին ուժերը փորձել էր «Դեպի մանկական Եվրատեսիլ» հայաստանյան մրցույթում, սակայն հաղթանակ չէր գրանցել։
Նախորդ տարի նա արդեն ընտրվել էր «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակ, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Հանրային հեռուստաընկերությունը չեղարկել էր միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
Մալենայի իրական անունն Արփի է։ Նա դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։
Հիշեցնենք, որ Հայաստանը հաղթել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2010»-ին։ Այն ժամանակ երկիրը ներկայացնում էր Վլադիմիր Արզումանյանը։