Քայլի Ջեններն առաջ է անցել Արինա Գրանդեից. նա Instagram-ում 300 միլիոն հետևորդ ունի

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը`մոդել Քայլի Ջենները, Instagram-ում հետևորդների քանակով դարձել է առաջին կինը և առաջ անցել վաղեմի մրցակցից` երգչուհի Արինա Գրանդեից։

Իրապատում շոուի աստղը Instagram-ում 300 միլիոն հետևորդ ունի, իսկ երգչուհին` 289 միլիոն։

24-ամյա Ջեններին հաջողվել է երկրպագուների մեծ բանակ հավաքել սոցկայքում և առաջ անցնել նաև աշխարհահռչակ քույրերից, այդ թվում` Քիմ Քարդաշյանից։ Վերջին տարիներին նա պայքարում էր Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող կնոջ տիտղոսի համար ու վերջապես հասավ իր ուզածին։

Նշենք, որ Տեխասում «Astroworld Festival» փառատոնի ընթացքում Ջենների ամուսնու`ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ընթացքում մարդիկ սկսել էին հրմշտել իրար, ինչի հետևանքով 8 մարդ էր մահացել, 17–ը` տուժել։

Այդ ժամանակ մեղադրանքներ տեղացին զույգի գլխին, ու շատերը համոզված էին, որ Ջենները կկորցնի իր հետևորդների բանակը։ Սակայն դա տեղի չունեցավ։ Աստղն իր մեջ ուժ գտավ ու կարողացավ կրկին սոցցանցերում հրապարակումներ անել։

Նշենք, որ Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունի ֆուտբոլիստ Քրիշտիանու` ավելի քան 388 միլիոն։