Կրտսեր Ջիվան Գասպարյանն ու Մարիամ Մերաբովան ելույթ կունենան լեգենդար Մինինի երգչախմբի «Երգչախումբ առանց սահմանների» հոբելյանական փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում է երգչախմբի մամուլի ծառայությունը։
Համերգային ծրագրում ներառված են «Չիչեսթերյան սաղմոսները», ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնի «Կանդիդ» օպերետից հատվածներ, ինչպես նաև կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի Stabat Mater-ը։
Մարիամ Մերաբովան և կրտսեր Ջիվան Գասպարյանը, մասնավորապես, կկատարեն Stabat Mater-ի իրենց պարտիաները, որում զուգակցված են արևելյան, եվրոպական և ամերիկյան մշակույթները։
«Կառլ Ջենկինսի ստեղծագործությունն ինտերնացիոնալ աստղաբույլ է հավաքել։ Ջազային մեցցո-սոպրանո Մարիամ Մերաբովան մեր ժամանակների ամենահայտնի երգչուհիներից մեկն է։ Անսահման վարպետություն, արտահայտիչ հնարավորությունների հսկայական դիապազոն… Համերգին մասնակցելու հրավերն ընդունել է հայտնի դուդուկահար կրտսեր Ջիվան Գասպարյանը։ Այսօր նա շարունակում է իր մեծանուն պապի` լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի գործը… Սա պապի մահից` 2021 թվականի հուլիսի 6-ից հետո կրտսեր Ջիվան Գասպարյանի առաջին համերգն է Ռուսաստանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մարիամ Մերաբովան խոստովանել է, որ հրավերը ստանալուց հետո մի պահ մտածել է, բայց, այնուամենայնիվ, հաճույքով է ընդունել այն։
«Ջենկինսի երաժշտությունն անհավանական է, բայց չէ՞ որ ես հիմնականում ջազային և էստրադային երգչուհի եմ (իհարկե, դասական կրթությամբ)։ Իսկ այստեղ էթնիկա է. ինչպե՞ս դա երգել, ինչպե՞ս կզգամ ու կմատուցեմ այն… Այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ երաժշտությունը և՛ ձայնիս է համահունչ, և՛ սրտիս։ Վերջին կասկածներս ու հիպոթետիկ վախերս մի կողմ դրեցի` լսելով «Մինինի երգչախումբ» բառակապակցությունը»,- ասել է նա։
Ջենկինսի ստեղծագործության երրորդ մեներգչուհին հայտնի մեցցո-սոպրանո, Մեծ թատրոնի մենակատար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ագունդա Կուլաևան է։
Մինինի երգչախմբի համար, որը 2022 թվականի ապրիլին կնշի 50-ամյակը, հոբելյանական փառատոնն այս խաղաշրջանի գլխավոր իրադարձությունն է։ Այս տարվա փետրվար-հունիսին համերգներ կանցկացվեն Մոսկվայի լավագույն դահլիճներում, դրանց կմասնակցեն տարբեր ժանրերում ու երաժշտական և թատերական արվեստի ուղղություններում հանդես եկող ականավոր երաժիշտներ, ինչպես նաև հայտնի սիմֆոնիկ կոլեկտիվներ։
Փետրվարի 7-ին բացման համերգը կկայանա Մոսկվայի Երաժշտության միջազգային տան «Սվետլանովսկի» դահլիճում։ Համերգի դիրիժորներն են հայտնի օպերային երգիչ Դմիտրի Կորչակն ու Մինինի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիմոֆեյ Գոլբերգը։ Երեկոն կվարեն «ՏԷՖԻ»-ի մրցանակակիրներ Սաթի Սպիվակովան և Յուլիան Մակարովը։
Տիմոֆեյ Գոլբերգի խոսքով` բացման համերգի համար ընտրվել է XX և XXI դարերի երաժշտությունը։
«Վառ, ինքնատիպ և միևնույն ժամանակ ունկնդրի լայն շրջանակների համար գրված։ Հատկապես դա վերաբերում է Կառլ Ջենկինսի Stabat Mater–ին։ Այս ստեղծագործության առանձնահատկությունն ակադեմիական և էթնիկ վոկալի համադրությունն է, ինչպես նաև դուդուկի տեմբրի կիրառումը»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Մինինի երգչախմբի տնօրեն Դմիտրի Սիբիրցևը նշել է, որ որոշակի առումով և՛ փառատոնը, և՛ ծրագիրը խորը երախտագիտության արտահայտում են մաեստրո Մինինին։