«Չգիտենք՝ մեզ ինչ է սպասվում». Շուշաննա Թովմասյանի որդու 1-ամյակի լուսանկարները

Լոսանջելեսաբնակ ամուսիններ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի որդին մեկ տարեկան է: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել Է, որ Միկայի տարեդարձը երկու անգամ են նշել, նաև կազմակերպել են ատամհատիկի արարողությունը:

«Հունվարի մեկին՝ նրա ծննդյան օրը, նշեցին, սակայն հատուկ խնջույքը կազմակերպեցինք ավելի ուշ: Այնպիսի օր ընտրեցինք, որ մեր բոլոր ընկերները մեր կողքին լինեն: Ի դեպ, այդ օրը հայտնեցինք՝ ով կլինի մեր տղայի կնքահայրը: Առաջ Աստված, ծրագրում ենք Հայաստանում անել մկրտությունը, իսկ քավորը կլինի Թագուհի Օհանյանի որդին»,- BRAVO.am-ին պատմել է Շուշաննան:

Միկայի մասին խոսելիս դերասանուհին ասել է. «Կարող եմ նշել այն երեք հատկանիշները, որ արդեն պարզ են՝ բարի մարդուկ է, ժպտերես եւ շատ հուզական: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ բարի մարդ լինի, ինչն օրվա մեջ անընդհատ նկատում եմ իր տարբեր դրսեւորումներում: Դեռ շատ կփոխվի, բնավորության նոր գծեր ի հայտ կգան, կարեւորը՝ պիտանի և արժանի մարդ լինի»:

Պատմել է նաև Լոս Անջելեսում կյանքի մասին. «Դեռ ժամանակ է պետք լիովին հարմարվելուն: Չգիտենք՝ մեզ ինչ է սպասվում: Առաջնորդվում ենք այսօրվա օրով՝ պատկերացնելով նաև վաղվա օրը, իսկ մնացածը թողնում ենք ժամանակին և Աստծո կամքին»:

Ասում է՝ նկարահանումների առաջարկներ ունեցել է, բայց մերժել է. «Ուզում եմ այս շրջանում բալիկիս կողքին լինել, ինքս խնամել, չնայած, որ այստեղ ունեմ տատիկ: Ամեն բան ժամանակի հարց է»:

Ատամհատիկին տղան ծնողների սրտով մասնագիտություն է ընտրել. «Օդաչուի մասնագիտությունը մամային ու պապային անչափ ուրախացրեց. մինչեւ ծնվելը մտածել էինք այդ մասին: Բայց իհարկե, ցանկությունը նրան է լինելու. ինչ էլ ընտրի, մենք նրա կողքին կլինենք»: