«Առանց թատրոնի ես իմ կյանքը չեմ պատկերացնում»․ Էվա Խաչատրյանը «Պատվից առավել» սերիալում իր դերի, թատրոնի, դերասանների ու նկարահանումների մասին

Դերասանուհի Էվա Խաչատրյանը միացել է «Պատվից առավել» հեռուստասերիալին և նկարահանվելու է 2-րդ եթերաշրջանում։ Էվա Խաչատրյանը մեզ հետ զրույցում խոսել է իր դերից, պատմել մանրամասներ նկարահանումներից, դերասանական կազմից, թատրոնի հին ու նոր ներկայացումներից և խիստ աշխատանքային ամառվանից։

– Դուք նկարահանվելու եք «Պատվից առավել» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանում։ Ինչպե՞ս առաջարկն ստացաք, ինչի՞ց ելնելով համաձայնվեցիք։

– Այո, մեր նկարահանումներն արդեն սկսվել են։ Առաջարկը ստացել եմ Ելենա Արշակյանից։ Հանդիպեցինք, զրուցեցինք, ինչպես միշտ նա ինձ ոգևորեց ու քանի որ ես այս պահին ոչ մի տեղում զբաղված չէի նկարահանումներով, որոշեցի միանալ իրենց թիմին ու աշխատել։ Եվ այդպես ստացվեց մեր համագործակցությունը։

– Մի փոքր կներկայացնե՞ք Ձեր դերը, ինչպիսի՞ն է այն։

– Ցավոք, կերպարիցս շատ խոսել չեմ կարող, քանր որ մենք դեռ եթերում չենք և շատ բաներ բացահայտելը ճիշտ չի լինի իմ կողմից, կարող եմ նշել, որ կերպարիս անունը Սոնա է․ բժշկուհի է, ով բավականին բարդ կյանք է ունեցել ու հայտնվել է մի տարօրինակ իրավիճակում, որից փորձում է ելքեր գտնել, թերևս այսքանը, մինչև մենք արդեն էկրաններին կլինենք և ավելի շատ խոսելու բան կլինի։

– Ի՞նչ կասեք դերասանական կազմի մասին, ինչպե՞ս են ընթանում նկարահանումները։

– Նկարահանումները շա՜տ լավ են ընթանում, ստեղծագործական թիմի հետ հեշտ ընկերացանք և հիասքանչ ստեղծագործական մթնոլորտ ունենք։ Դերասաններից կան մարդիկ, ում հետ ես չեմ աշխատել և դա շատ հաճելի է, քանի որ նոր շփում է, նոր փորձ։ Կան նաև այնպիսինները, ում հետ աշխատելու փորձ արդեն ունեցել եմ և դա նույնպես շատ հաճելի է։ Մի խոսքով ամեն ինչ շատ հետաքրքիր է անցնում․ ուրախ և ամենակարևորը սպասված, դա դերասանի համար իրոք կարևոր է, երբ նկարահանումներին սպասում ես և մեծ հաճույքով ես գնում նկարահանման հրապարակ։ Նաև ուզում եմ նշել, որ մեր բեմադրող օպերատորի՝ Եղիշե Սողոմոնյանի և մեր ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի հետ մենք շատ հեշտ աշխատանքային եզրեր գտանք և, իրոք, հաճելի է նրանց հետ աշխատելը, քանի որ նրանք շատ ճիշտ կարողանում են աշխատել դերասանի հետ , գտնել դերասանի էներգետիկ դաշտը ու փորձել դուրս հանել դերասանի միջից, ինչը շատ կարևոր է, սակայն հազվադեպ է տեղի ունենում սերիալային նկարահանման տաղավարներում։

-Թատրոնում այժմ խաղում եք։ Ի՞նչ նոր ներկայացումներ ունեք։

– Այո, թատրոնում, բնականաբար, խաղում եմ։ Առանց թատրոնի ես իմ կյանքը չեմ էլ պատկերացնում, հենց այս պահին էլ փորձի ընթացքի մեջ եմ։ Խաղասեզոնի սկզբին դեռ չենք ունենալու պրեմիերա, կունենանք մի քանի վերականգնվող ներկայացումներ, որոնք երկար ժամանակ է խաղացանկում չեն եղել։ Դրանցից մեկը «Կառավարական համերգ»-ն է , որը բավականին  նորացված  տեսքով վերադառնալու է բեմ, այս պահին դրա վրա ենք աշխատում։ Հոկտեմբերից խաղացանկ կվերադառնա նաև «Սև արկղ» ներկայացումը, որը իմ ամենասիրելիներից է։ Եվ վերջում կուզեի նշել, որ այս պահին աշխատում ենք նոր թիմով, ստեղծում նոր ներկայացում, որի մանրամասների մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել։ Ներկայացումը լինելու է Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում, դերասանական կազմը բավականին հայտնի է լինելու՝ Մկրտիչ Արզումանյան, Վիկտորյա Սահակյան, Սերգեյ Գրիգորյան, Լևոն Հարությունյան և ես․․․ Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր ներկայացում է ստացվելու, շատ շուտով արդեն կունենանք էլ ավելի հստակ ինֆորմացիա։

– Ինչպիսի՞ն էր ամառը․ աշխատանքայի՞ն, թե՞ հասցրել եք նաև հանգստանալ։

– Իմ ամառը եղել է աշխատանքային, չեմ հասցրել հանգստանալ։ Մենք հյուրախաղերի էինք Լեհաստանում, մասնակցեցինք Գդանսկի Շեքսպիրյան փառատոնին՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով։ Վերադառնալուն պես ես կրկին աշխատանքային գործընթացների մեջ էի՝ փորձերի, նկարահանումների։ Այսինքն այս ամառը ինձ մոտ բուռն աշխատանքային է անցել։ Բայց չեմ բողոքում, այդպես էլ է լինում։

– Նկարահանումներին զուգահեռ հասցնու՞մ եք ուրիշ բանով էլ զբաղվել։ Ինչպե՞ս եք տնօրինում ազատ ժամանակը։

– Փորձում եմ ամեն բան հասցնել։ Թատրոնում փորձերի ու սերիալի նկարահանումների հետ ուրիշ բան համատեղելը մի փոքր բարդ է ստացվում, բայց փորձում եմ ժամանակ գտնել և լողավազան ու մարզասրահ էլ այցելել։

Հեղինակ՝ Լուս Ավագյան