Էլիզաբեթ II թագուհու գահակալման ռեկորդային հոբելյանին ավելի քան 10 մլն մարդ կմասնակցի

Ավելի քան 10 մլն մարդ կմասնակցի Մեծ Բրիտանիայում իրականացվելիք տոնական միջոցառումներին՝ նվիրված Էլիզաբեթ Երկրորդ թաղուհու գահակալման 70-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով բրիտանական աղբյուրին:

Նրանք նախատեսում են ռեկորդներ սահմանել միապետի պատվին, որի կառավարումն արդեն իսկ նշանավորվել է մի շարք ռեկորդային նվաճումներով: Հանդիսավոր արարողությունների թվում է տոնական ընթրիքը Վինձորում, որտեղ տեղակայված է թագուհու ամառանոցային պալատը:

Զանգվածային խնջույքի գլխավոր կազմակերպչի խոսքով՝ Բերքշիր կոմսությունում բացօթյա պիկնիկն այս տարի կարող է դառնալ ամենաերկարատևը երբևէ կազմակերպվածներից: Կես կիլոմետր երկարությամբ սեղանի շուրջ կտեղավորվի ավելի քան 1600 մարդ:

Ճաշկերույթը տեղի կունենա հունիսի 5-ին՝ Երախտագիտության ազգային տոնի օրը, որը երկրի բնակիչներն առաջին անգամ տոնել են անցյալ տարի:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հրապարակել էր տոնոկան միջոցառումների ցանկը: Լոնդոնի կենտրոնում նախատեսվում է շքերթ անցկացնել, որին կմասնակցեն 1400 զինվորական՝ թագավորական ուժերի տարբեր ստորաբաժանումներից, 200 ձի և 400 երաժիշտ:

Հունիսի 3-ին հատուկ հատուկ տոնական պատարագ կմատուցվի Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում, իսկ հաջորդ օրը Բուքինգհեմյան պալատում համերգ տեղի կունենա, որում ելույթ կունենա շոու-բիզնեսի աստղերն ամբողջ աշխարհից:

Հունիսի 2-5-ը հանգստյան օրեր կհայտարարվեն թագավորությունում, և այդ օրերին այցելուների համար բաց կլինեն թագավորական նստավայրը Սանդրինգհեմում և Բալմորալ ամրոցը Շոտլանդիայում:

Էլիզաբեթ II-ի ռեկորդները

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին գահին բարձրացել է 25 տարեկանում՝ փոխարինելով հորը՝ Ջորջ VI-ին (1895-1952): 2015 թվականի սեպտեմբերին Էլիզաբեթ II-ը գերազանցել է Վիկտորյա թագուհու ռեկորդը գահակալման տևողության առումով:

2016 թվականին, երբ կյանքից հեռացավ Թաիլանդի արքա Ռամա IX-ը, Մեծ Բրիտանիայի թագուհին դարձավ  ամենաերկար իշխողը ներկայում ապրող և կառավարող նեկավարներից:

Երբևէ կառավարած կանանց շարքում նա առաջատարն է գահակալման երկարատևությամբ, սակայն դեռևս չի գերազանցել ֆրանսիացի թագավոր Լյուդովիկ XIV-ին, որն իշխել է 72 տարի, 110 օր: