Իտալական լյուքս դասի Dolce & Gabbana ապրանքանիշը հայտարարել է, որ 2022 թվականից սկսած իր բոլոր հավաքածուներում չի օգտագործելու բնական մորթի։ Ինչպես գրված է furfreealliance.com կայքում, «ի պատասխան սպառողների փոփոխվող ճաշակի» ընկերությունը կանցնի էկոլոգիապես մաքուր արհեստական մորթիների կիրառման։
«Dolce & Gabbana-ն աշխատում է ավելի կայուն ապագա ստեղծելու վրա, որը չի կարող կենդանու մորթու օգտագործում ենթադրել։ Նորաձության ամբողջ համակարգը կարևոր դեր է խաղում սոցիալական պատասխանատվության հարցում, այն անհրաժեշտ է խրախուսել»,- հայտարարել է Dolce & Gabbana-ի հաղորդակցությունների և մարքեթինգի գծով տնօրեն Ֆեդելե Ուսային։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «մորթու հետ աշխատող արհեստավորների չափազանց կարևոր պրոֆեսիոնալ հմտություններն ու աշխատանքը պահպանելու համար, Dolce & Gabbana-ն կշարունակի աշխատել նրանց հետ վերամշակված և վերամշակվող նյութերից, էկոմորթուց հագուստի և աքսեսուարների ստեղծման վրա, ինչը կայուն այլընտրանք կդառնա բնական մորթուն»։
Fur Free Alliance սկզբունքներին համապատասխանող նորաձևության տան նոր քաղաքականությանն աջակցում են Humane Society of the United States-ը և Humane Society International-ը։ Հատտկանշական է, որ Dolce & Gabbana-ն իր որոշման մասին հայտնեց Moncler-ի` մորթուց հրաժարվելու որոշումից մեկ շաբաթ անց։
Ավելի վաղ Kering (միավորում է Gucci, Balenciaga, Bottega Veneta, Alexander McQueen, Brioni և Yves Saint Laurent ապրանքանիշերը) ֆրանսիական խմբի բոլոր նորաձևության տները հայտարարել էին, որ 2022 թվականի աշնանից լիովին հրաժարվում են իրենց հավաքածուներում կենդանու մորթի օգտագործել։