«Մղձավանջների ծառուղի» ֆիլմը գլխավորել է կինովարձույթում հանգստյան օրերին գրանցած եկամուտները Ռուսաստանում և ԱՊՀ-ում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ խոսքը 61,5 մլն ռուբլու մասին է:
Ֆիլմի հիմքում ընկած է Ուիլյամ Լինդսի Գրեշեմի համանուն վեպը, որը ներկայացնում է թափառող կառնավալի արտիստների կյանքի մթնոլորտը:
Վարկանշային աղյուսակի երկրորդ տեղում է «King’s man. սկիզբ» կատակերգական մարտաֆիլմը, որը 44.3 մլն ռուբլի է հավաքել կինովարձույթում: Ժապավենը պատմում է, թե ինչպես է գաղտնի հետախուզական կազմակերպությունը դիմագրավում ամենասարսափելի բռնակալներին և քրեական հանճարներին:
Երրորդ տեղը զբաղեցրել է «Սարդ-մարդ. տունդարձի ճանապարհ չկա» ֆանտաստիկ մարտաֆիլմը, որը պատմում է Փիթեր Փարքերի մասին, որի կյանքն ու հեղինակությունը սպառնալիքի տակ է հայտնվել: Ֆիլմը 39 մլն ռուբլի է հավաքել կինովարձույթում: