Լեոնիդ Կուրավլյովին հուղարկավորել են կնոջ կողքին (լուսանկարներ)

Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանն ավարտվել է դերասան Լեոնիդ Կուրավլյովի հուղարկավորությունը, հայտնում է Коммерсант-ը։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում հրաժեշտի արարողությունից հետո, որը հարազատների խնդրանքով տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Կուրավլյովին հուղարկավորել են կնոջ՝ Նինայի կողքին, որը մահացել է 2012թ.:

ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել Վասիլի Շուկշինի «Այդպիսի տղա է ապրում» ֆիլմում Պաշկա Կոլոկոլնիկովի դերից հետո։ Խաղացել է Ստանիսլավ Գովորուխինի «Հանդիպման վայրը չի կարող փոխվել» (1979թ.), Միխայիլ Շվեյցերի «Ոսկե հորթը» (1968թ.), Լեոնիդ Գայդայի «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (1973թ.), Գեորգի Դանելիայի «Աֆոնյա» ֆիլմերում (1975):

Լեոնիդ Կուրավլյովը ֆիլմերում նկարահանվել է մինչև 2015 թվականը։ 2022 թվականի հունվարի 10-ին նա հոսպիտալացվել է Կոմունարկայի հիվանդանոց՝ թոքաբորբով, իսկ հունվարի 22-ին նա դուրս է գրվել: Դերասանը մահացել է հունվարի 30-ին 85 տարեկան հասակում։