Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի` փետրվարի 4-ին նախանշված համատեղ համերգը հետաձգվել է շուրջ 2 ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը։
Նրա խոսքով` պատճառը երաժիշտների շրջանում տարածված կորոնավիրուսն է։
«Երեկվա դրությամբ ֆիլհարմոնիկի 15 առաջին ջութակները հիվանդ էին։ Իսկ ֆիլհարմոնիկում ընդամենը 16 առաջին ջութակ կա։ Այսինքն` առանց առաջին ջութակի չենք կարող։ Վալտորնահարներից 4–ը հիվանդ են` դրական թեստով, բավական մարդիկ հիվանդ են։ Դա է պատճառը»,– ասաց Թերզյանը։
Տնօրենը նշեց, որ կորոնավիրուսը շատ արագ տարածվում է երաժիշտների շրջանում. հերթով վարակվում են։
«Ըստ երևույթին, սկզբում առաջին ջութակներից ինչ–որ մեկն էր հիվանդացել, որովհետև հիմնականը հենց նվագախմբի այդ հատվածն է վարակվել։ Դրա համար մենք որոշեցինք հետաձգել: Վտանգավոր է։ Եթե երգչախումբն էլ միանա, ժողովուրդն էլ գա, նստի դահլիճում, վիճակը 100 տոկոս ավելի վատ կլինի»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու է որոշվել համերգն այդքան երկար ժամանակով հետաձգել` փետրվարի 4-ից տեղափոխել մարտի 31-ը, Թերզյանը պատասխանեց, որ այդ ժամկետը պայմանավորված է ֆիլհարմոնիկի` արդեն հաստատված համերգացանկով։
«Ֆիլհարմոնիկն ունի հերթական համերգներ, հրավիրված արտիստներ, տոմսերը գնված էին, հատկապես դրսից եկող արտիստների համար օրը փոխելը շատ ավելի բարդ կլիներ։ Մենք չկարողացանք ուղղակի այլ ազատ օր գտնել, ստիպված հարմարվեցինք ֆիլհարմոնիկի գրաֆիկին։ Եվ միակ ազատ օրը մարտի 31-ն էր»,– ասաց Թերզյանը։
Նշենք, որ համերգին նախատեսված է կատարել Ջակոմո Ռոսինիի «STABAT MATER» հոգևոր ստեղծագործությունը։
Համերգի կազմակերպիչները նշում են, որ բոլոր տոմսերն ու հրավիրատոմսերը մարտի 31-ին լինելու են ուժի մեջ։