Դերասան Ջեկի Չանը մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցումավազքին (տեսանյութ)

Հայտնի դերասան, հոլիվուդյան աստղ Ջեկի Չանը մասնակցել է ձմեռային օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին և ջահով վազել Չինական մեծ պարսպի մոտով։ Տեղեկությունը հայտնում է Beijing Daily-ն։

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ 68-ամյա դերասանը դարձել է փոխանցումավազքի 30-րդ ջահակիրը։
Չանը մասնակցել էր նաև 2008 թվականին Պեկինում անցկացված օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին:

Դերասանը խոստովանել է, որ չնայած 10 աստիճան ցրտին` իր սիրտը ջերմանում է, երբ տեսնում է փոխանցումավազքի մասնակիցներին ողջունող մարզիկների, լրագրողների ու կամավորների ուրախ դեմքերը։

«Չինական քաղաքակրթությունն արդեն 5 հազար տարվա պատմություն ունի, քիչ են այն պետությունները, որոնք նման երկար պատմություն ունեն։ Հուսով եմ, որ օլիմպիադայի շնորհիվ մենք կկարողանանք աշխարհին ցույց տալ մեր մշակույթը»,- ասել է Ջեկի Չանը լրագրողներին:

Ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը մեկնարկել է փետրվարի 2-ին։ Մեկնարկը տրվել է Պեկինի հյուսիսում տեղակայված օլիմպիական այգուց: Կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխանցումավազքի երթուղին ու տևողությունը զգալիորեն կրճատվել են: Այն կտևի երեք օր ու կավարտվի ուրբաթ երեկոյան, երբ վերջին ջահակիրը Պեկինի ազգային մարզադաշտում կվառի օլիմպիական ջահը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին: