Իլոն Մասկը սոցցանցերում արգելափակել է իրենից գումար պահանջող երկրպագուին

Ֆլորիդացի 19-ամյա ուսանող Ջեք Սվինին գումար է խնդրել Tesla-ի և SpaceX-ի ղեկավար, գյուտարար Իլոն Մասկից։ Վերջինս սոցցանցերում արգելափակել է նրան։

Բանն այն է, որ Սվինին Twitter-ում օգտահաշիվ է ստեղծել, որտեղ բոտի միջոցով հետևում է միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռի տեղաշարժին, իսկ «հետախուզումը» դադարեցնելու խնդրանքին ի պատասխան՝ Մասկից 50 հազար դոլար է պահանջել։
«Ես SpaceX-ի և Tesla-ի երկրպագու եմ, ուստի գիտեի, որ նա ինքնաթիռ ուներ: Կարծում էի, որ բոտը… կօգնի ինձ հասկանալ, թե նա (Մասկը) ուր է գնում և ինչ է անում»,- ասել է Սվինին Bloomberg-ին:

Երիտասարդի խոսքով՝ 2021 թվականի աշնանը Մասկն անձամբ է կապվել իր հետ և խնդրել փակել օգտահաշիվը 5000 դոլարի դիմաց՝ վախենալով իր անվտանգության համար։ Սվինին իր հերթին առաջարկ է արել և միլիարդատիրոջից խնդրել 50 հազար դոլար, որը նա ակնկալում էր ծախսել քոլեջում կրթության կամ Tesla Model 3 մեքենայի վրա, ինչի արդյունքում Մասկը կիրակի արգելափակել է երիտասարդին բոլոր սոցիալական հարթակներում։

Սվինին չի հուսահատվում: Համոզված է, որ Մասկը դեռ կվերադառնա բանակցություններին։ Բացի այդ, ուսանողը նաև բացել է իր սեփական բիզնեսը՝ հետևելու այլ հայտնի գործիչների, այդ թվում՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի ինքնաթիռներին։

«Թռիչքների հետևող ընկերությունները տարեկան միլիոններ են աշխատում: Ես ուրախ կլինեի, եթե կարողանայի ստանալ նրանց եկամտի գոնե մի փոքր մասը»,- ասել է Սվինին: